Անի համայնքը մասնակցել է «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնին. Անիի համայնքապետարան

· Անի

Անի համայնքը մասնակցել է  «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնին. Անիի համայնքապետարան

Անի համայնքն իր ներկայացուցչական կազմով մասնակցել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի ունեցած «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնին։ Անի համայնքը ներկայացրել է Մարալիկի Արվեստի դպրոցը՝ Անիի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի ներկայացուցիչների գլխավորությամբ։

Արվեստի դպրոցի պարի խումբը հանդես է եկել կատարումներով, ցուցադրվել են դպրոցի սաների ձեռագործ աշխատանքները՝ ասեղնագործություն, գոբելենագործություն, գորգագործություն, կերպարվեստ։ Տեղում նաև գորգագործության վարպետաց դաս է անցկացվել։

Փառատոնն անցկացվել է արդեն 15-րդ անգամ։ Այն առանձնակի էր իր ընդգրկվածությամբ։ Փառատոնի շրջանակներում ավելի քան 70 տաղավարներում Հայաստանի բոլոր մարզերի քաղաքային և գյուղական համայնքների ստեղծագործ անհատներն ու մշակութային կենտրոնները ցուցադրել են իրենց աշխատանքները, կազմակերպել վարպետության դասեր։ Ներկայացվել են նաև իրենց տարածաշրջանին բնորոշ ուտեստներ, ազգային խոհանոցին բնորոշ առանձնահատկություններով և ավանդական հայկական հյուրասիրությամբ։

Դիլիջանում անցկացվող «Արվեստների և արհեստների» փառատոնը նպաստում է տարածաշրջանի արվեստի եւ արհեստների, այդ թվում, դեկորատիվ արվեստի, խեցեգործության, դարբնագործության, փայտամշակման եւ ազգային խոհանոցների զարգացմանը: