Բացահայտիր Շիրակը-Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ

· Գյումրի

Բացահայտիր Շիրակը-Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

Այն հիմնադրվել է «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ քույրերի կողմից իրենց հայրենի քաղաքին շուրջ 620 բնօրինակ աշխատանքներ նվիրաբերելու առիթով։

Պատկերասրահում պահվում և ցուցադրվում է քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն, որը ներառում է նաև նկարազարդ թասեր, սպասք և մոմակալներ։

​Պատկերասրահի շենքը կառուցվել է 1880 թվականին Գյումրիի հայտնի և մեծահարուստ վաճառականների՝ Քեշիշովների ընտանիքի կողմից որպես բնակարան։

Այն 19-րդ դարի Ալեքսանդրապոլյան ճարտարապետության վառ օրինակ է, որտեղ միաձուլված են եվրոպական և ավանդական հայկական տարրերը։

Շենքն ունի Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք, շքեղ ներքին բակ և փայտյա պատշգամբ։

Իր 136-ամյա պատմության ընթացքում կառույցը դիմակայել է 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերին, որոնցից հետո վերականգնվել է։

1980 թվականին այն ներառվել է պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության ցանկում։

1988-ի երկրաշարժից հետո շենքը ժամանակավորապես տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է միայն 2004 թվականին։

​Բացի ցուցադրություններից, պատկերասրահն իրականացնում է կրթական ծրագրեր, դասընթաց-վարժանքներ և արվեստային թերապիաներ՝ նպատակ ունենալով ստեղծել կապ արվեստի և հասարակության միջև։

Այստեղ կազմակերպվում են նաև մշտական միջոցառումներ, ինչպիսիք են «Թանգարանների գիշերը» մայիսին, «Եվրոպական ժառանգության օրերը» սեպտեմբերին, ինչպես նաև քույրերի ծննդյան օրերին նվիրված հանդիսություններ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։

​Պատկերասրահը գտնվում է Գյումրիի կենտրոնական հրապարակին կից՝ Աբովյան 232 հասցեում։

Կոորդինատներ. 40°47’10.79”N 43°50’19.32”E