Ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը մոտենում է. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը մոտենում է. Գյումրու քաղաքապետարան

Ինքնակամ շինությունների օրինականացման վերջնաժամկետը մոտենում է

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը քաղաքացիներին տրված է վերջին հնարավորությունը՝ չափագրելու և հաշվառելու իրենց ինքնակամ շինությունները։

Եթե մինչև տարեվերջ չիրականացվի շինության պատշաճ չափագրումն ու հաշվառումը, ապա օրենսդրության համաձայն՝ դրանից հետո տվյալ գույքի օրինականացման հնարավորություն այլևս չի լինելու։

Հաշվի առնելով 2023 թվականի նախադեպը, երբ հարյուրավոր քաղաքացիներ վերջին պահին դիմելու պատճառով չհասցրեցին ավարտել գործընթացը՝ քաղաքապետարանը հորդորում է չհապաղել և գործընթացը սկսել հնարավորինս շուտ։

Այս փուլում առաջնահերթը գույքի հաշվառումն է։

Եթե քաղաքացին հասցնի գույքը հաշվառել մինչև տարեվերջ, բուն օրինականացման գործընթացը՝ վճարումները և վարչական ակտի ստացումը, կարող է իրականացվել նաև հաջորդ տարիների ընթացքում։

Գործընթացը ենթադրում է լիցենզավորված կազմակերպության կողմից չափագրում, որը ժամանակատար է։ Չափագրողների ռեսուրսը սահմանափակ է, իսկ ծանրաբեռնվածությունը՝ մեծ, ինչը կարող է գործընթացի ձգձգման պատճառ դառնալ։

Օրինականացումն իրականացվում է շինությունների օրինականացման համար կառավարության որոշմամբ սահմանված գներով, իսկ հողամասն օրինականացվում է տվյալ պահին գործող կադաստրային արժեքով, այլ ոչ թե շուկայական բարձր գներով։

Ի՞նչ պետք է անել

Դիմել Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին։

Դիմել լիցենզավորված չափագրող կազմակերպության։

Պատրաստված փաթեթը ներկայացնել Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին։

Մի՛ հապաղեք և մի՛ զրկվեք ձեր սեփականությունն օրինականացնելու վերջին հնարավորությունից։

Լրացուցիչ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք դիմել Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին՝ 30-րդ սենյակ, ժամը 14:30-ից հետո։

Գյումրու քաղաքապետարան