Մարալիկի թիվ 2 դպրոցի աշակերտները ներկայացրել են աղբի այրման հիմնախնդրի վերաբերյալ նախագիծ. Անիի համայնքապետարան

Մարալիկի թիվ 2 դպրոցի ավագ դասարանի աշակերտները «Ձեռնարկատիրական կրթություն» առարկայի ուսուցիչ Քրիստինե Առաքելյանի գլխավորությամբ հյուրընկալվել են Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին։
Համայնքի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ դպրոցականները ներկայացրել են «Քարտեզագրելով Հայաստանի բնության ապագան՝ բացահայտել աղբի այրման հիմնախնդիրը մեր համայնքում» խորագրով նախագծային աշխատանքը։
Նախագծային աշխատանքի շրջանակում աշակերտները հետազոտություն են իրականացրել Մարալիկի տարբեր թաղամասերում, բնակիչների կողմից լրացված հարցաթերթիկների միջոցով բացահայտվել է, որ որոշ հատվածներում դեռ շարունակվում է աղբի այրման՝ հնուց եկած սխալ սովորույթը։ Իսկ աղբի այրումը անդրադառնում է կլիմայի փոփոխության վրա։
Նրանք այցելել են նաև «Անի կոմունալ տնտեսություն» ՀԲՀ, ծանոթացել համայնքում իրականացվող աղբահանության և աղբահեռացման աշխատանքներին։
Աշակերտները համայնքի ղեկավարին են ներկայացրել հիմնախնդրին առնչվող իրենց հուզող հարցերը, առաջարկությունների փաթեթը, ստացել խնդրի լուծմանն ուղղված իրատեսական պատասխաններ։ Արման Սարիբեկյանը կարևորել է աշակերտների կողմից ընտրված թեման, այն համարելով համայնքը էկոլոգիապես մաքուր պահելու հստակ մեխանիզմ։
Մարալիկի թիվ 2 դպրոցի ավագ դասարանի աշակերտները նախագծային աշխատանքն իրականացրել են Visual Armenia Foundation / Վիզուալ Հայաստան հիմնադրամ -ի «Աշխարհացույց» կրթական ծրագրի շրջանակում՝ մասնակցելով «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին -2026» մրցութային ծրագրին։