Շիրակի զբոսաշրջային ներուժի զարգացման նոր քայլերը քննարկվել են Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
· Գյումրի

Նոր քայլեր՝ Շիրակի զբոսաշրջային ներուժը զարգացնելու ուղղությամբ
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ այսօր հանդիպում է անցկացվել մարզպետի աշխատակազմի, «Made by Armenians» ՀԿ ղեկավար Արա Մարությանի, Երևանի տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների, Շիրակի մարզի համայնքների ոլորտային պատասխանատուների, հյուրանոցների, թանգարանների և մշակութային այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման առանցքում եղել է Նոր տարվա և Ամանորի օրերին Շիրակը, մասնավորապես՝ Գյումրին, զբոսաշրջիկների համար առավել գրավիչ ուղղություն դարձնելու նպատակով կոնկրետ քայլերի և միջոցառումների ձևավորումը՝ նախապես մշակված ու հստակ ծրագրով, որը հնարավորություն կտա զբոսաշրջիկներին այլ ուղղությունների, այդ թվում՝ Վրաստանի, փոխարեն իրենց տոնական օրերն անցկացնել Գյումրիում և Շիրակում։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք կարող են նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործմանն ու Շիրակը, մասնավորապես՝ Գյումրին, զբոսաշրջային կարևոր կենտրոն դարձնելուն։
«Շատ կարևոր է, որ նախ ճանաչենք, բացահայտենք ու տեսնենք այն, ինչ ունենք մենք, և հետո նոր գնանք ուրիշ երկրներ։ Շիրակի մարզը զբոսաշրջության առումով չափազանց մեծ ներուժ ունի, որը, սակայն, դեռ ամբողջությամբ օգտագործված չէ։ Մենք պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր ունեցածը և այն հասանելի ու հետաքրքիր դարձնել թե՛ Հայաստանի տարբեր մարզերից, թե՛ արտերկրից ժամանող զբոսաշրջիկների համար»,- նշել է մարզպետը։
Դավիթ Առուշանյանը, մասնավորապես, անդրադարձել է Գյումրու զբոսաշրջային ներուժին՝ ընդգծելով քաղաքի պատմամշակութային միջավայրը, ճարտարապետությունը, ավանդույթներն ու մշակութային կյանքը։ Միաժամանակ նա առանձնացրել է մարզի այլ նշանակալի զբոսաշրջային ուղղություններ ու տեսարժան վայրեր՝ Երերույքի պատմամշակութային հուշարձանը, Արփի լիճը, Հառիճավանքը, Վահրամաբերդն ու Շիրակի մարզի այլ բնակավայրերի ու տարածքների զբոսաշրջային հնարավորությունները։
Մարզպետի խոսքով՝ 2018 թվականից հետո Գյումրին որպես զբոսաշրջային քաղաք զարգացնելը եղել է Կառավարության առաջնահերթություններից մեկը, և այդ ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր։
«2018 թվականից հետո Գյումրին որպես զբոսաշրջային քաղաք զարգացնելը Կառավարության առաջնահերթություններից է եղել, և այդ ուղղությամբ արվել է հնարավորը։ Այսօր էլ մարզում ավելի քան 63,5 միլիարդ դրամի շինարարություն է իրականացվում։ Նորոգվում ու կառուցվում են ենթակառուցվածքներ, բարեկարգվում են ճանապարհներ, և այս ամենը ևս կարևոր նախապայման է զբոսաշրջության զարգացման համար։ Բնականաբար, անելիքներ դեռ շատ կան, և հենց նման հանդիպումներն են հնարավորություն տալիս հասկանալու՝ ինչ ուղղություններով պետք է առաջ շարժվենք։ Ես բազմիցս ասել եմ՝ զբոսաշրջությունը խարույկ է, որը պետք է մշտապես վառ պահել, իսկ այսպիսի հանդիպումները հենց այդ կրակին ևս մեկ փայտ դնելու, այն ավելի բոցավառ պահելու հնարավորություն են»,- նշել է Դավիթ Առուշանյանը։
Արա Մարությանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության և հանդիպման նման ձևաչափով կազմակերպման հնարավորության համար՝ ընդգծելով, որ ոլորտի տարբեր ներկայացուցիչների համատեղ քննարկումները կարող են նպաստել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ցանկալի արդյունքների ապահովմանը։
Հանդիպման ընթացքում ծավալվել է արդյունավետ և հետաքրքիր քննարկում։ Անդրադարձ է կատարվել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրներին, առկա հնարավորություններին, առաջիկա անելիքներին և զարգացման հեռանկարներին։ Քննարկվել են նաև մարզի զբոսաշրջային ներուժն առավել արդյունավետ ներկայացնելու, Երևանի և Շիրակի մարզի զբոսաշրջային կառույցների համագործակցությունն ընդլայնելու և նոր զբոսաշրջային ուղղություններ ձևավորելու հնարավորությունները։