Բացահայտիր Շիրակը - Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը Մարալիկում

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը Մարալիկում

Սողոմոն Թեհլիրյանի հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության վերապրող, ազգային հերոս Սողոմոն Թեհլիրյանին: Այն բրոնզաձույլ կառույց է, որն ունի 4 մետր բարձրություն: Հուշարձանում Թեհլիրյանը կանգնած է գրանիտե պատվանդանին՝ ատրճանակը ձեռքին, ոտքի տակ Թալեաթի գլուխը: Հուշարձանի հեղինակն է քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Պետրոսյանը, իսկ կառուցումն իրականացվել է բարերար Յուրա Հովհաննիսյանի աջակցությամբ:

​Հուշարձանը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում, 2015 թվականի ապրիլի 22-ին: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը, «Սողոմոն Թեհլիրյան» հայրենասիրական ՀԿ նախագահ Ռազմիկ Դարբինյանը, բարերար Յուրա Հովհաննիսյանը, քանդակագործ Սամվել Պետրոսյանը, ինչպես նաև տեղի բնակիչներ և հյուրեր: Հարկ է նշել, որ Սողոմոն Թեհլիրյանին նվիրված այլ հուշարձաններ գոյություն ունեն նաև Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում:

​

Տեղակայումը. Շիրակի մարզ, Մարալիկ քաղաքի հրապարակ 

Կոորդինատները. 40.5472, 43.8344