Շիրակի մարզպետն ու ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավարը քննարկել են Գյումրիի փողոցաշինական աշխատանքների խնդիրները. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

· Շիրակի Մարզ

Շիրակի մարզպետն ու ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավարը քննարկել են Գյումրիի փողոցաշինական աշխատանքների խնդիրները. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ընդունել է «ՀԷՑ» ՓԲԸ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Դավիթ Սարգսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրիում իրականացվող փողոցաշինական աշխատանքներին առնչվող հարցերը, որոնք կապված են «ՀԷՑ»-ի աշխատանքների հետ։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև «Ղարս» մասնաճյուղի ղեկավարի նշանակման օրը պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրներին արագ լուծումներ տալու և աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։

«Գյումրիում այսօր իրականացվում են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ և դրանց արդյունավետ ընթացքի ապահովման համար կարևոր է բոլոր պատասխանատու կառույցների սերտ համագործակցությունը։ Վարչապետի հանձնարարությամբ ընթացքի մեջ են մի շարք ծրագրեր, առաջիկայում մեկնարկելու են նաև նորերը։ Այս փուլում մեր առաջնահերթությունը պետք է լինի արդեն առկա խնդիրների հնարավորինս արագ լուծումը, իսկ նոր ծրագրերի մեկնարկից առաջ՝ անհրաժեշտ աշխատանքների ճիշտ և ժամանակին համակարգումը, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան։ Համատեղ և հետևողական աշխատանքով պետք է կարողանանք հնարավորինս խուսափել թերացումներից և ապահովել ծրագրերի անխոչընդոտ իրականացումը»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է «ՀԷՑ»-ի և մարզպետի աշխատակազմի միջև շարունակական ու արդյունավետ համագործակցությունը՝ շինարարական աշխատանքների անխոչընդոտ ընթացքն ապահովելու նպատակով։

Նշենք, որ առկա խնդիրների արագ վերացման և հետագա աշխատանքների արդյունավետ համակարգման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և «ՀԷՑ»-ի աշխատակիցների ներգրավմամբ։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ