Բացահայտիր Շիրակը - «Հոկտեմբեր» կինոթատրոն․ Գյումրու լեգենդար կինոօջախը
· Գյումրի

«Հոկտեմբեր» կինոթատրոնը ներկայումս Գյումրու գլխավոր և միակ կինոթատրոնն է:
Բացի ներկա կինոթատրոնից՝ Գյումրիում գործել են այլ կինոթատրոններ, ինչպիսիք են «Հայաստան», «Երևան», «Շիրակ»: Գյումրիում կինո հաճախելը եղել է մեծ արարողություն․ մարդիկ երկար պատրաստվել են, շքեղ հագնվել և հիմնականում ամբողջ ընտանիքով հաճախել:
«Հոկտեմբերը» քաղաքի առաջին կինոթատրոնն էր, որ բացվել է 1926 թվականին (ճարտարապետ՝ Ղ. Սարգսյան): Շենքը կառուցված էր ռուսական կլասիցիզմի ոճով:

«Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրվում էր բարձրաճաշակ կինո, քանի որ այստեղ էր գալիս քաղաքի ընտրանին: Սկզբնական շրջանում նկարահանված ֆիլմերի (տարեկան 5-6 ֆիլմ) պրեմիերան եղել է այս կինոթատրոնում: «Հոկտեմբերը» միայն կինոթատրոն չէր. երբ գյումրեցիներն ասել են «երթանք վար», ի նկատի են ունեցել կինոթատրոնի շրջակայքը, ուր մարդիկ զբոսնել են մինչև երեկո: Այստեղ օրական անցկացվել է 6 ցուցադրում, և 4-5 հազար մարդ է հաճախել, իսկ տարեկան հաճախորդների թիվը հասել է 1 միլիոնի: 1988 թվականի ավերիչ երկրաշարժը քանդեց կինոթատրոնը, սակայն 1996 թվականին այն կառուցվեց նախկին տեսքով:
Կառույցի հեղինակը Լենինականի առաջին գլխավոր ճարտարապետ Ղազարոս Սարգսյանն է (1879-1960), ով Գյումրի էր հրավիրվել Թիֆլիսից, որտեղ նա զարգացող կարիերա ուներ՝ որպես դասախոս և որպես պալատական առանձնատների, հանրային և արդյունաբերական նշանակության շինությունների նախագծող:
Կինոթատրոնի պատին ամրացված է հայտնի կինոռեժիսոր, խորհրդային կինոյի արկածային («Red Western») ժանրի լավագույն վարպետներից մեկի՝ 1936 թվականին Լենինականում ծնված Էդմոնդ Քեոսայանի հուշատախտակը (քանդակագործ՝ Զավեն Կոզտոյան):

Նույն ճակատի վրա ամրացված քանդակային հուշատախտակից տեղեկանում ենք, որ շինությունը կառուցվել է 1926 թվականին՝ Ղազարոս Սարգսյանի նախագծով:
ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կամոյի փողոց (կամ Թատերական հրապարակ / Շարլ Ազնավուրի հրապարակին հարակից տարածք)
Կոորդինատներ. 40.7853, 43.8441