Բացահայտիր Շիրակը - Քեթի գյուղ

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Քեթի գյուղ

Քեթի (նախկին անվանումը՝ Մեծ Քեթի) գյուղը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 4 կմ հյուսիս, արևելքից Ուխտի սար և հյուսիսից Պոլոզսար լեռնաշղթաների մեջ փռված գոգավորությունում։ Այն տեղակայված է Երևան-Գյումրի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վրա՝ Երևանից 135 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին, իսկ Մեծ Քեթիից վերանվանվել է Քեթի 1946 թվականի ապրիլի 26-ին։

​Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է՝ ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի, բանջարաբոստանային կուլտուրաների և մրգերի արտադրությունը։

​Գյուղն ունի հազարամյա պատմություն և աչքի է ընկնում հարուստ պատմամշակութային ժառանգությամբ։ Այստեղ պահպանվել են մ.թ.ա. III-II հազարամյակների կիկլոպյան ամրոցի, դամբարանադաշտերի ու բնակատեղիների, V-XIX դարերի և XII-XX դարերի եկեղեցիների ու մատուռների հետքերը, VII-XX դարերի և XIX-XX դարերի գերեզմանոցները։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հնագիտական բարձրարժեք գտածոներ։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք՝ «Քարոտ հողեր» հանդամասում, հայտնաբերվել է դամբարանադաշտ, որտեղ գտնվում է մ.թ.ա. X-IV դարերի «Զորանոց» ամրոցը։

Տեղի բնակիչներին բնորոշ են աշխատասիրությունը, հյուրընկալությունը, հողին ու ավանդույթներին նվիրվածությունը, ինչպես նաև տոկունությունն ու պարզությունը։

  • ​Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, Ախուրյանի համայնք (Գյումրիից մոտ 4 կմ հյուսիս, Երևան-Գյումրի-Վրաստան մայրուղու վրա)։

  • ​Կոորդինատներ՝ 40°53′03″N 43°50′56″E