Նոր կամավորական հրշեջ-փրկարարական խումբ՝ Անի համայնքում. Անիի համայնքապետարան
· Անի

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հյուրընկալել է Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին։ Վերջիններիս այցը Անի համայնք ճանաչողական բնույթի էր։ Նպատակն է՝ Անի համայնքի ղեկավարի հետ քննարկել Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ընդլայնմանն ուղղված «VolFiRe 2» ծրագրի կյանքի կոչումը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Անիի ՀՓՋ հրամանատար Սևակ Գրիգորյանը, Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչ Թիերրի Ժիրարը, ինչպես նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի ներկայացուցիչներ Լուսինե Առաքելյանը և Ռոբերտ Գրիգորյանը։ Հյուրերը Արման Սարիբեկյանի հետ քննարկել են վերոնշյալ ծրագրի հետ կապված մանրամասներ։
Նշենք, որ Հայաստանում առաջին արձագանքման կամավորական ծառայության ընդլայնմանն ուղղված «VolFiRe 2» ծրագիրն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, Ավստրիական Կարմիր խաչի և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սերտ համագործակցությամբ՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի առաջին փուլի արդյունքում արդեն իսկ ձևավորվել է 13 կամավորական հրշեջ-փրկարարական խումբ։ Երկրորդ փուլով նախատեսվում է ընդգրկել ևս 8 նոր համայնք։ Կողմերն իրականացրել են նախապատրաստական գնահատման փուլ։
Արման Սարիբեկյանը բարձր է գնահատել ծրագրի կարևորությունը համայնքի համար և արժևորել համագործակցող կողմերի նախաձեռնողականությունը։ Համայնքի ղեկավարը նաև նշել է, որ համայնքապետարանն ամեն կերպ կաջակցի ծրագրի իրագործմանը։