Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին - Պատվական Ղուկասյան

· Շիրակի Մարզ

Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին - Պատվական Ղուկասյան

Պատվական Միքայելի Ղուկասյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 2-ին Հայաստանի Ղուկասյանի շրջանի Սիզավետ գյուղում: 1941 թվականին ընտանիքով տեղափոխվել է Լենինական:

​Նա սովորել է Լենինականի թիվ 5 դպրոցում, միաժամանակ՝ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում, որտեղ «Վագրենավորը» կտավով շրջապատում նաև նկարչի համբավ է ձեռք բերել։ 1952-1955 թվականներին սովորել է Լենինականի բժշկական ուսումնարանում և շուրջ 10 տարի եղել շտապօգնության կայանի բուժակ։ 1965 թվականին ավարտել է Լենինականի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկայի ֆակուլտետը, իսկ 1969-1970 թվականներին՝ Մոսկվայի Վ. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը։ 1969-1985 թվականներին եղել է Լենինականի թիվ 4 օժանդակ դպրոցի լոգոպեդը։

​Դպրոցական տարիներից հոդվածներ ու ակնարկներ է գրել «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Բանվոր» թերթերում։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են «Գրական թերթում», «Գարուն», «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրերում։ Նա հայ արձակագիր էր, ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1978), Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պատասխանատու քարտուղար (1984), ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

​Հրատարակված երկերն են՝ «Բարով ես եկել» (Երևան, Հայաստան, 1975), «Անհանգստություն» (Երևան, Սովետական գրող, 1982), «Եվ մարդը հորիզոնին չձուլվեց» (Երևան, Սովետական գրող, 1985), «Կանչող հիշողություն» (Երևան, Նաիրի, 1991), «Կիսատ ճանապարհ»։

​Մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Լենինականում՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ 2014 թվականին Սիզավետ գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Պատվական Ղուկասյանի անունով: