Աշոցքի բնակավայրերում իրականացվում են կրթական, ճանապարհային և ենթակառուցվածքային ծրագրեր. Աշոցքի համայնքապետարան
· Աշոցք

Այսօր Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ, շրջայց է կատարել Կրասար, Ղազանչի, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Փոքր Սեպասար բնակավայրեր։Համայնքի ղեկավարը հետևել է պետական և սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին։
Կրասարի կամուրջը վերականգնվում է։
Եռաթռիչք կամրջի վերականգնման աշխատանքների պատվիրատուն ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է։
Հայաստանի Հանրապետության Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում համայնքային նշանակության 75 տեղ հզորության մանկապարտեզ է կառուցվում Աշոցք համայնքի Ղազանչի բնակավայրում:
Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի հաշվին, արժեքը՝ 374,4 միլիոն ՀՀ դրամ է:
Բավրայում նոր կրթահամալիրի է կառուցվում։ Աշխատանքները մեկնարկել են 2024-ին։ Այդ նպատակով Կառավարությունը նախատեսել է 1 մլրդ 391 մլն 458 հազար դրամ։
Պետություն-համայնք համագործակցությամբ Զույգաղբյուր բնակավայրում իրականացվում են սալարկման աշխատանքներ, Թավշուտ և Փոքր Սեպասար բնակավայրերում իրականացվում են սալարկման և լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքներ։