Սառնաղբյուրում բացվել է Գառնիկ Խաչատրյանի և պատերազմներում նահատակված սառնաղբյուրցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը. Անիի համայնքապետարան

Խաչատրյանների ընտանիքը որդու 26-ամյակն է նշում, բայց առանց նրա՝ Գառնիկի հիշատակն հավերժացնող հուշարձանի բացմամբ։
Սառնաղբյուրցի Գառնիկ Խաչատրյանն այսօր կդառնար 26 տարեկան։ 44-օրյա պատերազմը, սակայն, ժամկետային զինծառայող, հետախույզ Գառնիկին էլ չխնայեց։ Պատվով կատարեց հետախույզի բարդ ու պատասխանատու առաջադրանքները, իսկ արդեն հոկտեմբերի 16-ի մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորում ստացավ, երեք ամիս պայքարեց մահվան դեմ ու անմահացավ։ Զինված ուժերում ծառայությունը շարունակելու Գառնիկի երազանքն անկատար մնաց, սակայն նրա սխրանքը հավետ կմնա սերունդների հիշողության մեջ։
Հայրենիքի համար կյանքը չխնայեց նաև սառնաղբյուրցի Նորիկ Գասպարյանը։
Սառնաղբյուրում այսօր բացվեց Գառնիկ Խաչատրյանի, ինչպես նաև արցախյան տարբեր ժամանակների պատերազմներում նահատակված տղաների հիշատակն հավերժացնող հուշարձանը։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքապետարանի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, Սառնաղբյուրի վարչական ղեկավարն ու սառնաղբյուրցիներ։ Ծաղիկների խոնարհում, հարգանքի տուրք ու աղոթք առ Աստված։
Բացման արարողության ժամանակ Անի համայնքի ղեկավարն իր խոսքում ասել է ․
«Գառնիկ Խաչատրյանն ու մեր մյուս հերոս տղաները հայրենիքի համար տվել են ամենանվիրականը՝ իրենց կյանքը։ Եվ այսօր մենք պարտավոր ենք նրանց այդ զոհաբերության դիմաց փոխհատուցել ըստ արժանվույն։ Մերօրյա հերոս տղաների սխրանքն անմահ է , հիշատակը՝ հավերժ»։