Բացահայտիր Շիրակը - Սառնաղբյուրի Վերի բերդ

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Սառնաղբյուրի Վերի բերդ

Սառնաղբյուրի Վերի բերդը տեղակայված է գյուղի արևմտյան հատվածում՝ սարահարթի հրվանդանաձև, հրաբխային ծագման բլրի վրա: Հուշարձանն զբաղեցնում է 6 հեկտար տարածք, իսկ միջնաբերդը՝ 0.3 հեկտար, ընդ որում՝ պարսպաշարերի ընդհանուր երկարությունը հասնում է 235 մետրի:

​Ամրոցի մուտքը բացվում է արևմտյան կողմից: Բլրի գագաթի հյուսիսարևմտյան հատվածում սկիզբ է առնում ոչ խորը արհեստական խանդակ, իսկ հարավ-արևմուտքում՝ պարսպաշար: Արևելյան անկյունում կանգնեցված է սև տուֆից կերտված մենհիր, որը եզրագծված է պաշտպանական պարսպաշարով: Այն կառուցված է տեղական, անմշակ խոշոր ժայռաբեկորներից: Հրվանդանի լանջերին՝ հիմնապարսպին գրեթե զուգահեռ, պահպանվել են երկու-երեք շարք պարսպաշարեր, որոնք հյուսիսային և հարավային լանջերին ձևավորում են դարավանդներ, որոնց ներսույթում հստակ երևում են ուղղանկյուն կառույցների մնացորդներ:

​Բլրի արևելյան լանջին տեսանելի են հենապատերով եզրագծված դամբաններ, որոնց որոշ խմբեր շրջափակված են ցանկապատով: Հարավային, հարավարևմտյան, արևմտյան և հյուսիսային լանջերին առկա են բնակելի կառույցների մնացորդներ: Հարավարևելյան լանջով դեպի ամրոց է բարձրանում 2-2.5 մետր լայնությամբ և մոտ 0.5-1 մետր բարձրությամբ պատերով եզրագծված ճանապարհ, որին կցված են տարատեսակ շինություններ:

​Ամրոցում և բնակատեղիում պարբերական պեղումներ չեն իրականացվել: Հիմնվելով Կ. Կ. Ղաֆադարյանի հաղորդման և տարածքում առկա վերգետնյա հարուստ հնագիտական նյութի ուսումնասիրության վրա՝ հուշարձանը բնակեցվել է հիմնականում մ.թ.ա. III հազարամյակի կեսերին, ինչից հետո վերաբնակեցվել է ուշ բրոնզի դարում (մ.թ.ա. XV-XIII դդ.): Ամրոցում հայտնաբերվել է նաև մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերին վերաբերող վերգետնյա առատ նյութ, որին հավանաբար պետք է վերագրել միջնաբերդում և դարավանդներին կառուցված ուղղանկյուն հատակագծով շինությունները:

​Ամրոցի հիմնապարսպաշարը շարված է կոպտատաշ քարերից, իսկ դարավանդները եզրագծող պարսպաշարերը կառուցված են անմշակ քարաբեկորներից: Նմանատիպ կառուցվածքով պարսպաշար կա բլրի արևելյան լանջին, որը հատակագծում կորագիծ լինելով՝ հարմարեցված է բլրի բնական ռելիեֆին, ընդ որում՝ պարսպաշարերի բարձրությունը տեղ-տեղ հասնում է 1.8-2.6 մետրի: Միջնաբերդը եզրագծող պարսպի ներսում, տարբեր դարավանդներին նկատվում են իրար կից ուղղանկյուն կառույցների հետքեր: Մուտքի մոտ՝ առանցքով հյուսիս-հարավ դասավորվածությամբ, տեսանելի են 4-5 ուղղանկյուն և քառանկյուն շինություններ, իսկ բլրի հարավային և հարավարևմտյան լանջերին առկա են ուղղանկյուն, կլորավուն կառույցների մնացորդներ:

​Հնագիտական վերգետնյա նյութը հիմնականում ներկայացված է խեցանոթների բեկորներով, հանդիպում են նաև վանականտից և դացիտից ցլեպներ:

​Հուշարձանն ունի հանրապետական նշանակություն և առանձնահատուկ տեղ է գրավում Շիրակի բրոնզ-երկաթեդարյան ամրոցների շարքում՝ ներկայացնելով դրանց վաղագույն ձևը:

​Հնագույն կառույցներն ու շինություններն սկսել են ուսումնասիրել դեռևս անցյալ դարերում. 1893 թվականին հետախուզական դիտարկումներ է կատարել Ն. Մառը, 1924 թվականին Թ. Թորամանյանն է այցելել այստեղ, 1930 թվականին ամրոցների ուսումնասիրման ծրագրով այցելել են Ա. Հաջյանը, Լ. Գյոզալյանը և Բ. Պիոտրովսկին, 1960-1970-ական թվականներին չափագրումներ ու հետախուզական պեղումներ է կատարել Կ. Կ. Ղաֆադարյանը, իսկ 2019-2021 թվականներին Արագածի հյուսիսարևմտյան լանջերի պաշտպանական կառույցներն ուսումնասիրել է Բ. Վարդանյանի ղեկավարած արշավախումբը:

​Տեղակայումը՝ Շիրակի մարզ, գյուղ Լեռնակերտ (Սառնաղբյուր)

Կոորդինատներ՝ N40,33.300, E43, 55.870

Լուսանկարը` armeniahiddengems.aua.am-ի