Արթիկի ուսուցիչներն ու աշակերտները ուսումնաճանաչողական այցով Լեհաստանում են. Արթիկի համայնքապետարան

· Արթիկ

Արթիկի ուսուցիչներն ու աշակերտները ուսումնաճանաչողական այցով Լեհաստանում են. Արթիկի համայնքապետարան

Սեպտեմբերի 28-ին Արթիկի համայնքապետարանն Արթիկ համայնքի անգլերենի դասավանդման 2 ուսուցիչների և 6 աշակերտների ուսումնաճանաչողական այցով ուղարկել է Արթիկ համայնքի հետ քույր քաղաքների դաշնագրով կապված Լեհաստանի Հանրապետության Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաք։

Այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի քաղաքապետ Մեչիսլավ Կեցայի միջև։

Ուսուցիչներին և աշակերտներին ընդունել է Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ տիկին Իզաբելլա Կալինովսկան։

Ողջունելով հյուրերին` տիկին Կալինովսկան ցանկացել է, որ նրանք լավ ժամանակ անցկացնեն Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքում, ծանոթանան դպրոցներում դասավանդման պրոցեսին, մարզական և մշակութային կյանքին։

Տիկին Կալինովսկան հայտնել է, որ ուսումնաճանաչողական այցերի շրջանակում Արթիկ համայնքի և Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, և Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի ուսուցիչներից և աշակերտներից բաղկացած խումբն այցելելու է Արթիկ համայնք։

Հանդիպման ավարտին տիկին Կալինովսկան խնդրել է ջերմ ողջույնի և բարեմաղթանքի խոսքեր փոխանցել Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանին։

Արթիկ համայնքի ուսուցիչների և աշակերտների ուսումնաճանաչողական այցը Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաք մեկնարկել է սեպտեմբերի 28-ին և ավարտվելու է հոկտեմբերի 3-ին։

Այցի ընթացքում ուսուցիչներն ու աշակերտներն այցելելու են Վոդզիսլավ Սլյոնսկի քաղաքի հանրակրթական դպրոցներ, մասնակցելու են բաց դասերի, այցելելու են պատմաճարտարապետական կենտրոններ, ծանոթանալու են մարզական և մշակութային կենտրոնների գործունեությանը:

Արթիկի համայնքապետարան