Գյումրիի թիվ 40 դպրոցի աշակերտները ուսումնասիրել են Ամասիայի դեղաբույսերն ու բուսականությունը. Ամասիա համայնք

· Ամասիա

Գյումրիի թիվ 40 դպրոցի աշակերտները ուսումնասիրել են Ամասիայի դեղաբույսերն ու բուսականությունը. Ամասիա համայնք

Գաղտնիք չէ,որ Ամասիայի տարածաշրջանը հարուստ է դեղաբույսերով ու եզակի ալպիական բուսականությամբ:

Մասնագետների ուսումնասիրություններով պարզվել է,որ Ամասիայի սարերում ու դաշտերում կան այնպիսի բույսեր,որոնք ներառված են «Կարմիր» գրքում և գտնվում են հատուկ պահպանության ներքո:

Գյումրիի թիվ 40 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ևս Շիրակի մարզում իրականացրել են ուսումնասիրման ու հետազոտական աշխատանքներ,փորձել են բացահայտել մարզի տարբեր տարածաշրջաններին բնորոշ բուսականությունն ու առանձնացրել են դրանք ուղեցույցների տեսքով:

Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ հանդիպմանը Գյումրիի թիվ 40 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Մովսիսյանը,քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Աղավնի Աբրահամյանն ու աշակերտները ներկայացրել են Ամասիայի տարածաշրջանին վերաբերող ուսումնասիրության արդյունքը,համայնքի ղեկավարին փոխանցել ուղեցույց-վահանակ,որում ներառված են մեզ ծանոթ ու անծանոթ,բուժիչ հատկություն ունեցող դեղաբույսերն ու բուսատեսակները:

Համայնքի ղեկավարը կարևորել է աշակերտների ու մանկավարժների նախաձեռնությունը, նաև հյուրերին ներկայացրել այն ավանդույթները,ըստ որի,բնակիչները սարերից ու դաշտերից հավաքելու,չորացնելու միջոցով ամեն տարի պահեստավորում են օրգանիզմի համար բուժիչ նշանակություն ունեցող դեղաբույսերն:Համայնքի ղեկավարը նաև հյուրերին է փոխանցել «Իվանի Չայ» կոչվող թեյաբույսի փաթեթներ:

Այս նախաձեռնությամբ Գյումրիի թիվ 40 դպրոցը մասնակցում է Վիզուալ Հայաստան հիմնադրամի հայտարարած ՍԵԱԴ-2026 սմարթ էկրաններ դպրոցներին մրցույթին:

Հանդիպման ավարտին ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ համայնքի դպրոցների հետ հետագա համագործակցության, ինչպես նաև հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Ամասիա համայնք