Բացահայտիր Շիրակը - Սպանդարյան

Շիրակի մարզի պատմությամբ և հնագույն հուշարձաններով հարուստ անկյուններից մեկն է Սպանդարյան գյուղը։ Այն հիմնադրվել է 1830 թվականին, իսկ բնակիչների նախնիները գաղթել են Ալաշկերտից: Տեղակայված լինելով Շիրակի դաշտի նախալեռնային մասում` Մանթաշ գետի աջափնյակում և փռված Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին՝ այն մարզկենտրոնից գտնվում է 22 կմ հարավ-արևելք, իսկ մայրաքաղաքից՝ 125 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1825 մետր բարձրության վրա: Գյուղի տնտեսության հիմքը դաշտավարությունն է, անասնապահությունը, շաքարի ճակնդեղի և ծխախոտի մշակությունը, իսկ ընդերքը հարուստ է բազալտի պաշարներով: Այն իրական պատմամշակութային արգելոց-անկյուն է, որտեղ առկա են բրոնզեդարյան պետված ու չպետված դամբարաններ, նախաուրարտական շրջանի Կիկլոպյան ամրոցն իր միջնաբերդով, ուրարտական շրջանի Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, քարանձավներ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ջրաղացներ, գերեզմանոց, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին և «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարանը: Գյուղն աչքի է ընկնում իր հարուստ հնագիտական շերտերով և բացառիկ պատմական ժառանգությամբ, իսկ այստեղի մարդիկ աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ, հայրենիքի հանդեպ խորը նվիրվածությամբ և հնագույն ավանդույթներն ու հիշողությունը վառ պահելու բնավորության առանձնահատկությամբ:
Կոորդինատներ 40°39'54"N 44°01'08"E