Շիրակում ամփոփվել է ուսուցիչների մարզական-մշակութային մրցույթը. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Շիրակում ուսուցիչների մարզական-մշակութային մրցույթն ամփոփվել է
Շիրակի մարզում երկրորդ անգամ անցկացվել է ուսուցիչների «Մարզական-մշակութային մրցույթը», որին մասնակցել է 9 դպրոցի 90 ներկայացուցիչ։
Մրցույթին մասնակցել են Գյումրու թիվ 11, 20, 23 և 27 դպրոցների, ինչպես նաև Ոսկեհասկի, Ջրառատի, Քեթիի, Բավրայի և Թորոսգյուղի դպրոցների թիմերը։
Մասնակիցները մրցել են հինգ մրցաձևերում՝ խաղային փոխանցումավազք, գնդակներով փոխանցումավազք, «Թիմի նշանառու ավագ», «Օլիմպիական հաղթանակ» փոխանցումավազք և մշակութային համար՝ հայկական ժողովրդական ու ազգագրական պար։
Միջոցառման նպատակն է մանկավարժական աշխատողների շրջանում խթանել ֆիզիկական ակտիվությունն ու առողջ ապրելակերպը, ինչպես նաև սպորտը դարձնել դպրոցական համայնքի առօրյայի ավելի տեսանելի մասը։
Մրցույթը կազմակերպվում է Շիրակի մարզպետի աշխատակազմի կողմից՝ մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ։
Մրցութային պայքարի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Գյումրու թիվ 11 դպրոցը, երկրորդը՝ Ջրառատի, իսկ երրորդը՝ Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցի թիմը։
Միջոցառումն ավարտվել է հայկական ազգային շուրջպարով։