Բացահայտիր Շիրակը - Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սարակապ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Սարակապ գյուղի արևելյան կողմում։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Եկեղեցին ավերակ վիճակում դարեր շարունակ ծածկված է եղել հողով և միայն 19-րդ դարի երկրորդ կեսին պատահաբար հայտնաբերվել ու 1885–1887 թվականներին նորոգվել ու վերածվել է գործող եկեղեցու։ Հուշարձանի նախնական կառուցվածքից պահպանվել է վաղ միջնադարի հայ ճարտարապետությանը բնորոշ սև տուֆի, սրբատաշ, խոշոր քարերից կրաձաղավ՚ով շարված երկաստիճան որմնախարիսխսը։ Վերակառուցման ժամանակ պատերը բարձրացվել են որմնախարիսխի պարագծով, հետևաբար, նույնությամբ պահպանվել է հնագույն կառույցի հատակագծային հորինվածքը։ Պատերի վերակառուցված մասերն այպես տեղական սև, սրբատաշ տուֆից են՝ կրաշաղախով։ Պատերի շարվածքի մեջ օգտագործվել են հին շենքի որոշ քարեր, որոնցից մեկի վրա կա 13-րդ դարի արձանագրություն։ Եկեղեցին վերակառուցվել է մինչև գմբեթի թմբուկի ստորին շարքերը։ Ներկայիս փայտյա հարթ ծածկը հենվում է չորս փայտյա սյունների վրա։ Սարակապի Սուրբ Աստվածածին եկեղեցու հատակագիծն ունի աստղաձև, կենտրոնաձիգ հորինվածք՝ սիմետրիկ արևելք-արևմուտք առանցքին։
Հատակագծային հորինվածքի հիմքում ընկած է հավասարաթև խաչը, որի չորս թևերը ներսում ավարտվում են աբսիդներով, իսկ դրսից ունեն ուղղանկյուն եզրանկար։ Միայն արևելյան՝ բեմի խաչթևը դրսից բազմանիստ է (եռանիստ)։ Սակայն, ի տարբերություն քառախորան հուշարձանների, Սարակապի եկեղեցում աբսիդների միջև իրականացված են լրացուցիչ ծավալներ, որի պատճառով հիմնական՝ քառախորան հորինվածքի խաչթևերը հեռացված են միմյանցից։ Կառույցի հյուսիս-արևմտյան և հարավ-արևմտյան անկյուններում այս լրացուցիչ ծավալներն ունեն մոտավորապես եռանկյան տեսք (ավելի ճիշտ՝ սեղանի և եռանկյան զուգակցման ձև), իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում այդ լրացուցիչ ծավալները հանդես են գալիս որպես անցում, նախամուտք դեպի բեմի աբսիդի երկու կողմերում գտնվող ավանդատները։ Վերջիններս ուղղանկյուն են, թաղածածկ և արևելյան կողմում ավարտվում են կիսաշրջանաձև աբսիդներով։ Ավանդատների առկայության պատճառով Սարակապի հուշարձանը սիմետրիկ չէ հյուսիս-հարավ առանցքին։ Սակայն կարելի է ենթադրել, որ սկզբնական հորինվածքում ավանդատներ չեն եղել, այլ դրանք ավելացվել են 19-րդ դարի վերակառուցման ընթացքում։ Եռանկյունաձև ծավալների մասնակի արտահայտվելը հուշարձանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան անկյուններում և խաչթևերի երկարությունների հավասարությունը, որի հետևանքով ավանդատները դեպի արևելք զգալիորեն դուրս են բեմի աբսիդի արևելյան ճակատի հարթությունից։ Հնագույն որմնախարիսխը տեղում երևում է մինչև ավանդատները։
Սարակապի եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից։ Այժմյան մուտքերը կամարակապ վերջավորությամբ ուղղանկյուն բացվածքներ են՝ երկու կողմերում պարզունակ իմպոստներով։ Լուսամուտները սակավաթիվ են, սակայն բավական լայն։ Եկեղեցու ներքին տարածությունը լուսավորվում է բեմի, հարավ-արևելյան անկյան և եռանկյունաձև ծավալների արևմտյան պատերում տեղադրված լուսամուտներով (մեկական նեղ լուսամուտ ունեն նաև ավանդատները)։ Հուշարձանը զուրկ է հարդարանքից։ Ողջ պարագծով, նույն բարձրությամբ ընթացող քիվը բաղկացած է սոսկ կորագիծ վերջավորությամբ սալիկից։
Եկեղեցու հորինվածքի մեջտեղում բարձրացել է գմբեթը, որի թմբուկը հիմքում ութանկյուն է եղել։ Գմբեթատակ ութանկյունը ստացվում է աբսիդների և եռանկյունաձև խորշերի անկյունների միջև ձգվող կամարներով։ Սակայն այդ ութանկյունը կանոնավոր չէ, որը բխում է հյուսիսային և հարավային աբսիդների անկանոնությունից (դրանք հատակագծում ոչ թե կիսաշրջանաձև են, այլ՝ կիսաձվաձև)։ Պետք է ենթադրել, որ դա 19-րդ դարի վերակառուցման ժամանակ աբսիդների կիսաշրջանաձև նախնական հատակագծերի աղավաղման հետևանք է։ Գմբեթարդներով են ծածկվում ինչպես խաչթևերի չորս աբսիդները, այնպես էլ եռանկյունաձև խորշերը։
Սարակապի հուշարձանի արտաքին տեսքը բխում է ներքին տարածական հորինվածքից և միանգամայն հարազատ է նրան։ Եռանկյունաձև խորշերը դրսից ունեն նույն եզրագիծը, իսկ խաչթևերը ոչ թե կիսաշրջանաձև են, այլ՝ ուղղանկյուն։ Եռանկյունաձև ծավալները ստեղծում են լույս ու ստվերների ուժեղ խաղ և զգալիորեն աշխուժացնում հուշարձանի զուսպ արտաքին կերպարը։ Այս նպատակին են ծառայում նաև դրանց և խաչթևերի անկյուններում իրականացված փոքր, եռանկյունաձև կտրվածքով որմնասյունները, որոնք եղել են նաև նախնական հորինվածքում (այդ ելուստներն արտահայտվում են նաև հնագույն որմնախարիսխում)։ Խաչթևերի անկյուններում նման ելուստների առկայությունը բնորոշ է վաղ միջնադարի հայ ճարտարապետությանը և հանդիպում է հատկապես փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցիներում (Փարպի, , Զարինջա, Քարաշամբ, Արտավավան)։
Եռանկյունաձև լրացուցիչ ծավալների հիմնական նպատակը կառույցի ներքին տարածության ընդարձակումն է։ Խաչթևերի միմյանցից հեռացնելը հնարավորություն է տվել ներսում ստանալ բավական մեծ, առանց հենակետերի միասնական տարածություն՝ ծածկված գմբեթով (վերջինիս ներքին տրամագիծը հասնում է մոտ 8 մետրի)։ Միաժամանակ եռանկյունաձև ծավալները լրացուցիչ կոշտություն, կայունություն են հաղորդում կառույցի ողջ ծավալատարածական հորինվածքին, դրանով իսկ բարձրացնելով նրա սեյսմակայունությունը։ Սարակապի հուշարձանի հորինվածքի ստեղծման համար էլակետ է հանդիսացել վաղ միջնադարից հայ ճարտարապետությանը քաջ հայտնի քառախորան եկեղեցու տիպը։
Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, Սարակապ գյուղի արևելյան կողմ
Կոորդինատներ՝ 40.7167, 43.8333