Բացահայտիր Շիրակը - Վահրամաբերդ ամրոց

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Վահրամաբերդ ամրոց

Վահրամաբերդ ամրոցը գտնվում է Շիրակի մարզում՝ Ախուրյան գետի ձախափնյա կիրճում, Մարմաշենի վանական համալիրից հարավ: Հուշարձանը տեղակայված է Ախուրյանի կիրճի հրվանդանի վրա և թվագրվում է 10-րդ դարով՝ ներկայացվելով որպես Վահրամ Պահլավունու կողմից հիմնադրված կայազորային տիպի ամրաշինություն, որն իր անվանումն ստացել է հենց իշխանի պատվին:

​Կառույցը ձգվում է նեղ, երկայնական դարավանդի վրա, որի զանգվածային պարիսպները եզերում են տեղանքի զառիթափ կողմերը, ինչի շնորհիվ բնական կտրուկ լանջերն անմիջապես ծառայել են որպես պաշտպանական հուսալի համակարգ: Ամրոցի ներսում՝ երկայնական ուղղությամբ ձգվող կենտրոնական միջանցքին կից, հյուսիսային և հարավային կողմերում բացվել են առանձին սենյակներ, որոնք, ըստ հնագիտական տվյալների, հավանաբար ծառայել են որպես զորանոցային տարածքներ: Խաղաղ պայմաններում կայազորը հիմնականում բնակվել է մոտակա բնակավայրերում, իսկ բերդում պահվել են զենքի ու պարենի պաշարները, ինչպես նաև իրականացվել է պահակետային ծառայություն: Այդ մասին են վկայում նաև պեղումների ընթացքում հայտնաբերված միջին և մեծ չափերի կարասների մնացորդները, որոնք այժմ պահվում են Շիրակի երկրագիտական թանգարանում:

​Հուշարձանի տարածքում պեղումներն իրականացրել է հայտնի հնագետ Սերգեյ Հարությունյանը: Բերդի ժայռերից մեկի վրա պահպանվել է Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, որը վերաբերում է Էրիախի երկրի նվաճմանը և Իրդանուինի ու Իշգիդուլու քաղաքների գրավմանը: Վահրամաբերդի անմիջական հարևանությամբ է գտնվում համակարգի մյուս կարևոր կառույցը՝ Տիրաշեն ամրոցը, որը նույնպես պատկանել է Վահրամ Պահլավունուն և մտել Անիի պաշտպանական ցանցի մեջ:

Այն շրջապատված է անմշակ մեծ որձաքարերից շարված պարիսպներով՝ առանց շաղախի կիրառման, իսկ հարակից «Տիրաշեն» գյուղատեղիում (4-11-րդ դարեր) պահպանվել են խաչաձև եկեղեցու ավերակները, քառակողմ կոթողն ու հին գերեզմանոցը:

​Տեղակայումը՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Վահրամաբերդ (Մարմաշենի հարևանությամբ)

​

Կոորդինատներ՝ 40.8125, 43.7658 (մոտավոր)

Լուսանկարը `armeniadiscovery. com-ի