Գյումրու Բարեկամության այգու վերակառուցման ծրագիրը կշարունակի «Ազնավուր» հիմնադրամը. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
· Գյումրի

Բարեկամության այգու կառուցապատման և վերականգնման ծրագիրը կշարունակի «Ազնավուր» հիմնադրամը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր հանդիպել է «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանին, հիմնադրամի գործառնությունների ղեկավար Տաթևիկ Սարգսյանին և IDeA հիմնադրամի ներկայացուցիչ Ելենա Մուրադյանին։
Հանդիպման ընթացքում հյուրերը մարզպետին ներկայացրել են Գյումրու Բարեկամության այգու կառուցապատման և վերականգնման ծրագրի ընթացիկ փուլը։ Մասնավորապես, տեղեկացվել է, որ Բարեկամության այգու կառուցապատման իրավունքը, որը նախկինում տրամադրված էր IDeA հիմնադրամին, այժմ փոխանցվել է «Ազնավուր» հիմնադրամին։
Հիմնադրամը շարունակելու է այգու կառուցապատման և վերականգնման նախագծի իրականացումը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև առաջիկա աշխատանքներն ու ծրագրի իրականացման հաջորդ քայլերը։
«Բարեկամության այգու վերակառուցման ծրագրի շարունակական և արդյունավետ իրականացումը մեզ համար առաջնահերթություններից է։ Այս ծրագրի իրականացման նպատակով բավական մեծ միջոցներ է ներդրել նաև Կառավարությունը։ Գնահատելի է IDeA հիմնադրամի կատարած աշխատանքը։ Վստահեցնում եմ, որ ինչպես նախկինում, այժմ ևս պատրաստ ենք համագործակցել ու մեր իրավասությունների և լիազորությունների շրջանակում աջակցել «Ազնավուր» հիմնադրամին։ Կարևոր է, որպեսզի Բարեկամության այգին վերակառուցվի և դառնա հետաքրքիր ու գրավիչ վայր երեխաների, երիտասարդների, տարեցների և զբոսաշրջիկների համար»,- նշել է մարզպետը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այգու ապագա բովանդակությանը, տարածքի հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը և այնպիսի միջավայրի ձևավորմանը, որը կնպաստի ինչպես Գյումրու բնակիչների ժամանցի կազմակերպմանը, այնպես էլ զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
«Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել մարզպետին ընդունելության համար և ներկայացրել առաջիկա անելիքներն ու ծրագրերը։ Նրանք վստահեցրել են, որ սեղմ ժամկետում կամբողջացնեն Բարեկամության այգու վերակառուցման նախագիծը։
Հյուրերը միաժամանակ ընդգծել են, որ նախագծի վերջնականացման փուլում կարևորում են նաև Շիրակի մարզպետի առաջարկություններն ու դիտարկումները՝ դրանք հաշվի առնելով ծրագրի հետագա մշակման և իրականացման ընթացքում։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ Բարեկամության այգու վերակառուցման և զարգացման ծրագիրը հնարավորինս արդյունավետ իրականացնելու նպատակով։