Բացահայտիր Շիրակը-Մեղրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցի

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Մեղրաշենի  Սուրբ Աստվածածին եկեղեցի

Մեղրաշեն Սուրբ Աստվածածին (Լույս գերեզման) եկեղեցին հավատքի, պատմության ու հրաշքի հանգրվան է:

Եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը վկայում է 1828 թվականի մասին: Այլ աղբյուրների համաձայն՝ այն վերակառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին (1880-ականներին):

​Շինարարության ընթացքում օգտագործվել են 17-րդ դարի եկեղեցու քարեր, որոնք հետագայում մնացել են Ախուրյանի ջրամբարի տակ: Կառուցումն իրականացվել է Շիրակավանի կարմիր և սև տուֆի համադրությամբ: Բուն կառույցն ունի միանավ բասիլիկ ոճ՝ արևմտյան մուտքով և հյուսիսային ու հարավային պատերին երեքական լուսամուտներով, իսկ զանգակատունը կառուցված է կարմիր տուֆից:

​Խորանի, մուտքի ու ավանդատների հատվածներում պատկերված են Հիսուս Քրիստոսը, երկու հրեշտակները և հայ առաջին լուսավորիչներ Բարդուղիմեոս ու Թադեոս առաքյալները:

​Եկեղեցին կառուցված է անհայտ սրբի գերեզմանի վրա: Հայկական ավանդույթում գերեզմանը ընկալվում է որպես կյանքի շարունակություն, իսկ այս երկու պատկերների միավորումը խորհրդանշում է, որ մահը վերջը չէ, այլ ճանապարհ դեպի լույս: Գյուղում սերնդեսերունդ փոխանցվել են հետևյալ պատմությունները. ծանր փորձությունների ժամանակ, երկ թուրքերը պաշարել էին գյուղն ու եկեղեցին դարձրել թալանի պահեստ, նշանակված թուրք պահակները գիշերը տեսել են, թե ինչպես է եկեղեցու ներսից՝ գերեզմանից, բարձրանում ուժեղ, անբացատրելի լույս (ոչ մոմ, ոչ կրակ): Վախենալով՝ թշնամիներն թողել են ամեն ինչ ու փախել գյուղից:

​Ըստ տեղական հիշողությունների՝ անցյալում բացել են գերեզմանն ու տեսել երիտասարդ մարդու մարմին, որը ենթարկված չի եղել բնական քայքայման: Եկեղեցին եղել է նաև կրթական կենտրոն. նրան կից գործել է ծխական դպրոց: Դեռ 1907 թվականին «Ախուրյան» պարբերականը Մեղրաշենը նկարագրում էր որպես կազմակերպված ու աշխատասեր համայնք, որի կենտրոնում հենց այս եկեղեցին էր:

​Ամեն տարի նոյեմբերի 1-ին և 2-ին այստեղ նշվում է «Անհայտ սրբերի տոնը» և գյուղի օրը: Հարյուրավոր ուխտավորներ են գալիս ստանալու անհայտ Սրբի օրհնությունը: Եկեղեցին լցվում է ուխտավորներով, վառվում են մոմեր, և տարածքը լցվում է այն նույն լույսով, որի մասին պատմում են ավանդույթները:

​Սա մի վայր է, որտեղ միահյուսված են պատմությունը, փաստն ու անմար հավատքը:

Տեղակայումը՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Մեղրաշեն

Կոորդինատներ՝ 40.5986, 43.8324