Անի համայնքում նոր ճանապարհների ու ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ են իրականացվում. Անիի համայնքապետարան
· Անի

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շրջայց է կատարել համայնքի մի շարք բնակավայրերում՝ տեղում ծանոթանալով իրականացվող և նախատեսվող ծրագրերի ընթացքին։
Շիրակավանում սուբվենցիոն ծրագրով իրականացվող մուտքի ճանապարհի հիմնանորոգումն, ըստ նախագծի, ընթացքի մեջ է։ Սակայն շրջայցի ժամանակ տեղում ոչ շինարարներն են եղել, ոչ էլ շինաշխատանքներ են իրականացվել։ Նույն խնդիրը Շիրակավանի վարչական ղեկավարի կողմից բարձրացվել էր նաև համայնքապետարանի աշխատակազմում կայացած վերջին ընդլայնված խորհրդակցության ընթացքում։
Չկատարված շինաշխատանքներ և շինարարների բացակայություն է արձանագրվել նաև Լուսաղբյուր և Իսահակյան բնակավայրերում, որտեղ փոսալցման աշխատանքները դեռևս ավարտված չեն։
Հայկաձորում համայնքի ղեկավարը ծանոթացել է նոր կառուցվող կառամատույցի աշխատանքներին։ Այստեղ հողային աշխատանքներն ավարտվել են, և մեկնարկել են հարթակի տեղադրման աշխատանքները։
Անիպեմզայում Երերույքի տաճարը բնակավայրին միացնող շուրջ 350 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Ասֆալտի երկրորդ շերտն արդեն տեղադրվել է։ Առաջիկայում կբարեկարգվեն կայանման համար նախատեսված կողնակները, կիրականացվեն համապատասխան գծանշումներ և կտեղադրվեն ճանապարհային նշաններ։
Ձիթհանքովում Արման Սարիբեկյանն ու ոլորտային պատասխանատուները հետևել են սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։
Քարաբերդում ուսումնասիրվել է բնակավայրը Լանջիկին միացնող 4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ այն հետագայում պետական ծրագրերում ներառելու նպատակով։
Շրջայցի ընթացքում դիտարկվել են նաև Լանջիկի առաջին և երկրորդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո բնակավայրի երեխաները դպրոց և մանկապարտեզ կգնան ավելի բարեկարգ ու անվտանգ ճանապարհով։
Աղինում տեղադրվել է նոր կանգառ՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ֆինանսավորմամբ «Կանանի» սոցիալ-հոգեբանական հասարակական կազմակերպության «Զորեղացնելով նրան․ ընդլայնել կանանց տնտեսական հնարավորությունները Շիրակում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի արդյունքում ձևավորվել է կանանց ինքնօգնության խումբ։
Անիի համայնքապետարանի հետ կնքված համագործակցության հուշագրով նախատեսվում է համայնքում իրականացնել գենդերազգայուն երեք համայնքային ծրագիր՝ կանանց մասնակցությամբ։ Այդ ծրագրերից մեկն էլ Աղինի նոր կանգառի տեղադրումն է։