Կբարելավվեն ավելի քան 60 դպրոցի շենքային պայմաններն ու գույքային հագեցվածությունը

· Շիրակի Մարզ

Կբարելավվեն ավելի քան 60 դպրոցի շենքային պայմաններն ու գույքային հագեցվածությունը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող թվով 67 հանրակրթական դպրոցին հատկացնել կապիտալ դրամաշնորհներ 162,270.4 հազար դրամի չափով՝ վերջիններիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավմանը: Ըստ հիմնավորման՝ դպրոցներից 11-ում կիրականացվեն շենքային պայմանների մասնակի բարելավման, մասնավորապես ենթակառուցվածքների արդիականացման (ջեռուցման համակարգեր, հոսանքագծերի և այլն), շքամուտքի, հատակների մասնակի նորոգման, պատուհանների և դռների փոխարինման և այլ խիստ անհրաժեշտ աշխատանքներ։ 58 դպրոցին էլ դրամաշնորհ կհատկացվի գույքային հագեցվածության բարելավման նպատակով։

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ՀՀ 2026 թ.-ի պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը դպրոցաշինության համար հատկացված գումարների շրջանակում կատարել վերաբաշխում՝ 1,277,104.7 հազար դրամի չափով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրի շրջանակներում դպրոցների կառուցման աշխատանքներն ապահովելու նպատակով։ Ծրագրի շրջանակում իրականացվում են այն դպրոցների վերակառուցման/նոր շենքերի կառուցման աշխատանքները։ Նախատեսում է 46 դպրոցի կառուցում/վերակառուցում: Ըստ հիմնավորման՝ ծրագրի ընթացքում իրականացվել են մեծածավալ շինարարական աշխատանքներ, որոնք արդեն ավարտվել են թվով 29 դպրոցում, որից 11-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնում, 3-ը՝ Արարատում, 2-ը՝ Արմավիրում, 1-ը՝ Գեղարքունիքում, 3-ը՝ Լոռիում, 2-ը՝ Կոտայքում, 1-ը՝ Շիրակում, 1-ը՝ Սյունիքում, 1-ը՝ Վայոց ձորում և 1-ը՝ Տավուշում: Թվով 17 դպրոցի շինարարական աշխատանքները գտնվում են իրականացման ակտիվ փուլում և ավարտի կհասցվեն 2026-2027 թթ: