Ճանաչենք Շիրակի մարզի տաղանդներին - Էդմոնդ Քեոսայան
· Գյումրի
Էդմոնդ Գարեգինի Քեոսայանը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 9-ին, Լենինական քաղաքում։ 1952-1954 թվականներին ուսանել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, իսկ 1954-1958 թվականներին՝ Երևանի թատերական ինստիտուտում, աշխատել է Պետական էստրադային նվագախմբում որպես ելույթավար Կ. Օրբելյանի ղեկավարությամբ: 1964 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։
1964 թվականից սկսած Քեոսայանը որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, 1972 թվականից՝ «Հայֆիլմում»:
Քեոսայանի ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների: 1965 թվականին նա էկրանավորել է Ա. Սաֆրոնովի «Խոհարարուհին»:

Ռեժիսորին փառք բերեց 1966 թվականին նկարահանված «Անորսալի վրիժառուները» ժապավենը (Պ. Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վեպի հիման վրա): Արկածային կինոնկարը դարձավ 1960-ականների կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվեցին ոչ պակաս ջերմությամբ:
1970-ականներին Էդմոնդ Քեոսայանը, աշխատելով «Հայֆիլմում», անդրադարձավ ազգային հայկական թեմատիկային՝ նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը»: 1975 թվականին նա «Մոսֆիլմում» նկարահանեց «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացավ Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին: 1977 թվականին նկարահանեց «Հույսի աստղ» կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլված էր Մխիթար Սպարապետի ղեկավարած ազգային ազատագրական պայքարը: 1982 թվականին Քեոսայանը նորից սկսեց աշխատել «Մոսֆիլմում»՝ նկարահանելով հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1982) և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» (1989) ժապավենները:
Ռեժիսորական աշխատանքներն են՝
1962 - «Սանդուղք»
1963 - «Երեք ժամ ճանապարհին»
1964 - «Որտֵ՞ղ ես այժմ, Մաքսիմ»
1965 - «Խոհարարուհին»
1966 - «Անորսալի վրիժառուները»
1968 - «Անորսալների նոր արկածները»
1971 - «Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները»
1973 - «Տղամարդիկ»
1974 - «Լքված հեքիաթների կիրճը»
1975 - «Երբ գալիս է սեպտեմբերը»
1977 - «Հույսի աստղ»
1979 - «Լեգենդ ծաղրածուի մասին»
1982 - «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը...»
1988 - «Համբարձում»
Սցենարներն են՝
1966 - «Աննրուսալի վրիժառուները»
1968 - «Աննրուսալների նոր արկածները»
1971 - «Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին աննրուսալները»
1973 - «Տղամարդիկ»
1974 - «Լքված հեքիաթների կիրճը»
1975 - «Երբ գալիս է սեպտեմբերը»
1979 - «Լեգենդ ծաղրածուի մասին»
1982 - «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը...»
1988 - «Համբարձում»
Մահացել է 1994 թ-ի ապրիլի 21-ին։