Բացահայտիր Շիրակը - Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռ. Տեսիլքից մինչև զորավոր ուխտատեղի

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռ. Տեսիլքից մինչև զորավոր ուխտատեղի

Շիրակի լեռների գրկում թաքնված է մի վայր, որտեղ հավատքն ու իրականությունը միահյուսվում են՝ ստեղծելով ժամանակակից մի լեգենդ։

Կրաշեն համայնքի Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը սոսկ շինություն չէ. այն տեսիլքի մարմնացում է և հույսի փարոս հազարավոր ուխտավորների համար, ովքեր այստեղ են գալիս բժշկություն և հոգու խաղաղություն գտնելու ակնկալիքով։

Մատուռի հիմնադրման պատմությունը բավականին հետաքրքիր է և կապված է տեղի մի երիտասարդի տեսիլքի հետ։

Ըստ ավանդության՝ գյուղի երիտասարդներից մեկը յոթ տարի շարունակ նույն երազն է տեսնում, որտեղ Աստված նրան հորդորում է գնալ Կրաշենի սարերի ու անասնակերերի մեջ թաղված մի վայր և հանել այնտեղ գտնվող «սրբաքարը», որը տարիներ շարունակ մնացել է խավարի մեջ։

Երիտասարդը երկար ժամանակ տատանվում էր և ամաչում պատմել ընտանիքին՝ վախենալով, որ իրեն չեն հավատա, սակայն ի վերջո, երազի կրկնվող բնույթից դրդված, եղբոր հետ գնում է նշված վայրը։

​Այնտեղ նրանք իրոք գտնում են սրբազան խաչը և հենց այդ նույն վայրում կառուցում են Սուրբ Գրիգոր Նարեկացի մատուռը։

Տեղացիները պատմում են, որ սրբավայրն ունի զարմանալի զորություն. հավատով աղոթող բազմաթիվ հիվանդներ այստեղ բժշկվել են, իսկ հատուկ օրերին մատուռի մոտ կարելի է տեսնել հարյուրավոր մարդկանցից բաղկացած հերթեր, ովքեր գալիս են իրենց դարդերին դարման գտնելու։

Մատուռը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կրաշեն գյուղում, որը տեղակայված է մարզկենտրոն Գյումրիից մոտ 13 կմ հյուսիս-արևելք։

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 1880 մետր բարձրության վրա։

Մատուռի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°51'21"N, 43°56'28"E:

Լուսանկարները `Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոն-ի