Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքն այսուհետ լուսավորված կլինի. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

· Գյումրի

Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքն այսուհետ լուսավորված կլինի. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Գյումրի քաղաքի երեկոյան տեսքը՝ նոր շնչով ու ջերմությամբ․ Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքն այսուհետ լուսավորված կլինի։

Մոտ 400 լուսակետ և 150 մետր երկարությամբ LED լուսային ժապավեն՝ նոր լուսավորություն, որն այսուհետ շենքին նոր տեսք կհաղորդի նաև երեկոյան ժամերին։

Լուսավորության միացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն, մարզի համայնքների ղեկավարները, Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ավագանիներ, մարզպետի աշխատակազմն ու գյումրեցիները։

Մարզպետի առաջարկին Երևանի քաղաքապետարանն արձագանքել է դրականորեն՝ աջակցելով ծրագրի իրականացմանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և Երևանի քաղաքապետարանին այս նախաձեռնությանն աջակցելու համար։ Գաղափարը նախապատմություն ունի, երբ Օպերայի շենքը լուսավորվեց, ես դիմեցի պարոն Ավինյանին, որ Գյումրիում ևս պատմական շենքերը լուսավորվեն, առաջարկս չմերժեց պարոն Ավինյանը և քանի որ Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը ևս պատմական ու շատ գեղեցիկ շենք է՝ այսպես մեկնարկեց մեր համագործակցությունը։ Իսկ գործակցությունը մեզ համար անչափ կարևոր է, գիտեք, որ 2018-ից հետո մեր Կառավարության դիրքորոշումն է մարզերի ու համայնքների համաչափ զարգացումը, իսկ երբ մայրաքաղաքի քաղաքապետն է այս դիրքորոշմանը կողմ՝ մեր փոխգործակցույթւոնն այսքան ստացված կլինի։ Երևանի քաղաքապետարանը աջակցում է նաև Ախուրյան համայնքին, այնտեղ պուրակ է կառուցվում։ Վստահ եմ՝ նման ծրագրերը շարունակական են լինելու։ Իսկ այս ծրագրով մենք Գյումրու քաղաքային դիմագծին նոր լուսավոր կետ ավելացրինք։ Համոզված եմ՝ նման ծրագրերը կարևոր են ոչ միայն քաղաքի արտաքին տեսքը բարելավելու, այլև հանրային միջավայրն ավելի գրավիչ, բարեկարգ ու հարմարավետ դարձնելու տեսանկյունից»,- նշել է Շիրակի մարզպետը։

Տիգրան Ավինյանը շնորհավորել է ծրագրի իրականացման առթիվ՝ ընդգծելով միջհամայնքային համագործակցության և մարզերի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու կարևորությունը։ Քաղաքապետի խոսքով՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս կուտակված փորձն ու հնարավորություններն օգտագործել նաև մայրաքաղաքից դուրս՝ նպաստելով քաղաքների արտաքին տեսքի բարելավմանը և բնակիչների համար ավելի հարմարավետ միջավայրի ձևավորմանը։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ