Բացահայտիր Շիրակը- Վահան Չերազի հուշարձանը Գյումրիում
· Գյումրի

Գյումրու հուշարձանների շարքում իր յուրահատուկ տեղն ունի հայ մարզիկ, մանկավարժ, Կ. Պոլսի և Հայաստանի Առաջին Հանրապետության սկաուտական շարժման ռահվիրա, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Չերազի հուշարձանը։ Այն տեղադրված է Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում: Հուշարձանը տեղադրվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) 100-ամյակի շրջանակում՝ 2018 թվականի հուլիսի 23-ին: Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Չերազի աղջիկը՝ Բյուրակն Չերազը, թոռներից Ավետիք Իշխանյանը, ՀՄԸՄ վարչության անդամներ, 26 երկրների 1200 սկաուտներ և հյուրեր: 1920 թվականին Վահան Չերազը Հայաստանի կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով Պոլսից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)՝ հայրենիքում մարզական կյանքը զարգացնելու նպատակով: Այդ ժամանակաշրջանում Ցեղասպանությունը վերապրած որբերի մի մասը կենտրոնացված էր Ալեքսանդրապոլում: Հայաստանի խորհրդայնացումից հետո Չերազը, անտեսելով իրեն սպառնացող վտանգը և հարազատների զգուշացումները, նախընտրել է մնալ հայրենիքում, իսկ 1921 թվականին մասնակցել է Փետրվարյան ապստամբությանը: Խորհրդային կարգերի օրոք Վահան Չերազն Ալեքսանդրապոլում (Գյումրի) աշխատել է Ամերիկյան օգնության կոմիտեում (Արմենկոմ), զբաղվել հայ որբերի խնամակալությամբ, կազմակերպել սկաուտական և մարզական մանկապատանեկան խմբեր: 1924 թվականին Չերազն անհիմն մեղադրվել է «լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի և Անգլիայի», աքսորվել Սիբիր, որտեղ սպանվել է 1927 թվականին: Չերազի կինը՝ Վարդանուշ Չերազը, գնդակահարվել է 1937 թվականին: Քանդակագործը Չերազին կերտել է սկաուտական համազգեստով, խրոխտ, առնական, վեհ, ստատիկ վիճակի մեջ՝ հաղորդելով դինամիկա, կանգնած մայր հողին: Բրոնզաձույլ արձանի հեղինակն է քանդակագործ Սամվել Պետրոսյանը, և այն տեղադրված է Գյումրիի Չերազի անվան փողոցում:
Կոորդինատներ 40.784733, 43.839017