Շիրակի մարզում 144,3 մլն դրամ կհատկացվի մասնակցային բյուջետավորմամբ ընտրված 5 ծրագրերի իրականացմանը

· Շիրակի Մարզ

Շիրակի մարզում 144,3 մլն դրամ կհատկացվի մասնակցային բյուջետավորմամբ ընտրված 5 ծրագրերի իրականացմանը

Կառավարության այսօրվա որոշմամբ 144 մլն 308 հազար 900 դրամ է նախատեսվել Շիրակի մարզում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված 5 ծրագրերի իրականացման նպատակով։

69 մլն 859 հազար 400 դրամը նախատեսվել է Գյումրիի «Հաղթանակ» զբոսայգու վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացման համար։ Ծրագրի նպատակն է ստեղծել ժամանակակից, անվտանգ, ներառական և բազմաֆունկցիոնալ հանրային տարածք՝ բարելավելով բնակիչների հանգստի և ժամանցի պայմանները։

26 մլն դրամը նախատեսվել է Ախուրյանի համայնքապետարանի շենքի դահլիճի վերանորոգման համար։ Արդյունքում կստեղծվեն ժամանակակից պայմաններ տարաբնույթ միջոցառումների, սեմինարների, կոնֆերանսների և հանդիպում-քննարկումների կազմակերպման համար։ Նախատեսվում է նաև համայնքապետարանի շենքում ստեղծել թվային տեխնոլոգիաներով հագեցած քաղաքացիների սպասարկման գրասենյակ։

11 մլն դրամը նախատեսվել է Բայանդուր բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել մարզասարքերով հագեցած խաղային և հանգստի գոտի՝ երեխաների ու երիտասարդների ակտիվ հանգստի և ժամանցի կազմակերպման համար։

12 մլն 557 հազար 700 դրամը նախատեսվել է Վահրամաբերդ բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման համար՝ բնակիչների, հատկապես երեխաների և երիտասարդների համար մարզվելու ու ակտիվ հանգստի հնարավորություններ ստեղծելու նպատակով։

24 մլն 891 հազար 800 դրամը նախատեսվել է Ամասիա բնակավայրի թիվ 1, 4, 8, 13 և 31 շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների իրականացման համար։ Ծրագրի նպատակն է բարելավել շքամուտքերի տեխնիկական և էսթետիկ վիճակը, ինչպես նաև բարձրացնել բնակիչների անվտանգության մակարդակը։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ