Արթիկում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես. Արթիկի համայնքապետարան

· Արթիկ

Արթիկում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես. Արթիկի համայնքապետարան

Այսօր Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տանը բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես:

Միջոցառմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Պետրոսյանը, տեղակալներ Վարդան Մակեյանը, Արման Աջամօղլյանը, ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնյաները` ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանի գլխավորությամբ։

Ողջունելով ներկաներին Դավիթ Նահապետյանն ասել է, որ Արթիկում կազմակերպված ցուցահանդեսը Կենտրոնական բանկի նախաձեռնությունն է։ Այն ներկայացնում է Հայաստանի դրամաշրջանառության դարավոր պատմությունն ընդգրկելով հարուստ և բազմազան նյութեր։

Ցուցահանդեսում ներառված են ֆինանսական կրթության կարևոր բաղադրիչները` ինտերակտիվ և մատչելի ձևաչափով ներկայացնելով Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների լայն շրջանակը։

Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին Արթիկ համայնքում դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու համար հավելելով, որ այն հրաշալի առիթ է, որպեսզի այցելուները ծանոթանան պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ կենտրոնական բանկի դրամական թողարկումներին և հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ինչպես նաև ֆինանսական ծառայություններին։

ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը ներկայացրել է հայկական դրամահատման պատմությունը` անդրադառնալով տարբեր պատմական շրջաններում հատված մետաղադրամներին և թողարկված թղթադրամներին։

Միջոցառման ընթացքում Արթիկի համայնքապատկան ՀՈԱԿ-ների սաները հանդես են եկել կատարումներով։

Կենտրոնական բանկը կարևորում է նման կրթական նախաձեռնությունների իրականացումը` որպես հանրության ֆինանսական իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանման և տարածման արդյունավետ միջոց։

Ցուցահանդեսը բաց է լինելու հոկտեմբերի 15-ից 22-ը։

Արթիկի համայնքապետարան