Ճանաչենք Շիրակի մարզի տաղանդներին - Հակոբ Անանիկյան

· Գյումրի

Ճանաչենք Շիրակի մարզի տաղանդներին - Հակոբ Անանիկյան

Հակոբ Անանիկյանը ծնվել է 1919 թվականի դեկտեմբերի 20-ին Ալեքսանդրապոլում: Նա հայ նկարիչ էր, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1965):

​1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը: 1940 թվականին ընդունվել է Մոսկվայի դեկորատիվ-կիրառական արվեստի ինստիտուտ: 1939-1941 և 1944-1966 թվականներին դասավանդել է Գյումրիի նկարչական դպրոցում: 1941-1945 թվականներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») գործողություններին: 1947-1966 թվականներին եղել է Լենինականի քաղաքային թանգարանի տնօրենը: 1952 թվականին էքստերն կարգով ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը: 1965 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման:

​Ստեղծել է բնանկարներ՝ «Լենինական» (1940, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Երդում» (1947), «Տեսարան Մանթաշից» (1959), «Կառնուտ գյուղը» (1962), «Աշունը Ջաջուռի սարերում» (1963):

​Ստեղծել է նաև դիմանկարներ՝ «Երկաթուղային Կիրակոսյանը» (1949, ՀԱՊ), «Աղջիկը ծառի տակ» (1960), «Ծեր կոշկակարը» (1971, ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)), «Պոլոզ Մուկուչը» (1973, ԺԱԹ):

​1940 թվականից մասնակցել է հանրապետական, իսկ ավելի ուշ՝ համամիութենական և միջազգային ցուցահանդեսների (Հայաստան, Ռուսաստան, Չեխոսլովակիա, Լեհաստան, Արգենտինա, Մոնղոլիա): Դասավանդել է Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում (Լենինական): 1978 թվականին կազմակերպվել է հետմահու ցուցահանդես (Հայաստանի նկարիչների միություն, Երևան):

​Աշխատանքները գտնվում են ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի Ազգային պատկերասրահում (Երևան), Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի տարբեր մարզերի մշակույթի տներում: