«Ուժեղ Հայաստանը» դեղերի գների նվազեցմանն ուղղված օրենսդրական նախագիծ կներկայացնի
· Հայաստան

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն օրենսդրական նախագիծ կներկայացնի Ազգային ժողով, որի նպատակն է էապես նվազեցնել դեղորայքի գները և ընդլայնել դրանց տեսականին Հայաստանում։ Այս մասին հոկտեմբերի 16-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ նախընտրական շրջանում առաջարկված տնտեսական ծրագրերից մեկով նախատեսվում էր ապահովել 20 տոկոսով ավելի էժան դեղորայք, քանի որ, ըստ իրենց կատարած ուսումնասիրությունների՝ երկրում շուրջ 1,3 մլն քաղաքացի կանգնած է սննդի և անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման միջև ընտրություն կատարելու առաջ, ինչն առավել սուր է արտահայտվում գործազրկության բարձր մակարդակ ունեցող մարզերում։
«Երկրորդ մտահոգիչ բանը, որը շատ անարդար է, կարծում եմ, այն է, որ Հայաստանում դեղերը շատ ավելի թանկ են, քան հարևան բոլոր երկրներում։ Հայաստանում դեղերը անգամ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից և Եվրոպական երկրներից էլ են թանկ»,- հայտարարել է նա։
Կարապետյանի գնահատմամբ՝ գնային նման տարբերության հիմնական պատճառը Հայաստանում գործող գրանցման բարդ ընթացակարգերն են և սահմանափակումները։
Ներկայացնելով սեփական ուսումնասիրությունները՝ Կարապետյանը հայտնել է, որ այժմ Հայաստանումգրանցված է ընդամենը 3900 անուն դեղորայք, որոնց ներկրմամբ զբաղվում են սահմանափակ թվով ընկերություններ, մինչդեռ եվրոպական երկրներում գրանցված դեղերի թիվը հասնում է շուրջ 25,000-ի։ Նա պարզաբանել է, որ միջազգային արտադրողները հրաժարվում են անցնել հայաստանյան գրանցման փուլը։
«Պատճառը այն սահմանափակումներն են, որ Հայաստանի պետությունը մտցրել է դեղերի գրանցման մեջ։ Գիտե՞ք ինչ սահմանափակում է մտցրել, որ դեղեր արտադրող միջազգային կորպորացիաները պետք է գան Հայաստան, ամեն դեղի համար վճարեն միլիոնավոր դրամներ և կես տարի սպասեն դեղի գրանցմանը։ Քանի որ Հայաստանի շուկան փոքր շուկա է, նրանք չեն գալիս Հայաստան և դեղերը չեն գրանցվում Հայաստանում»,- ընդգծել է պատգամավորը։
Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Եվրոպական միությունում գրանցում ունեցող դեղամիջոցների համար Հայաստանում սահմանել պարզեցված ու ավտոմատ գրանցման ընթացակարգ։
«Ի՞նչն է մեր առաջարկը։ Եվրոպական Միությունում գրանցված դեղերը Հայաստանում հնարավորություն տա ավտոմատ գրանցվի յոթ օրվա ժամկետում։ Վճարումը արվի 50,000 դրամ ուղղակի վճարվի և թույլ տրվի ներկայացուցիչներին գրանցել եվրոպական դեղերը»,- պարզաբանել է Կարապետյանը։
Կարապետյանը հավելել է, որ դեղերի գների էժանացումը առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման պայմաններում պետական բյուջեում կապահովի տասնյակ միլիարդավոր դրամների խնայողություն։ Դա, նրա խոսքով, թույլ կտա ընդլայնել պետության կողմից սպասարկվող քաղաքացիների շրջանակը՝ օրինակ տարիքային շեմը 63-ից իջեցնելով 61-ի։ Նա տեղեկացրել է, որ նախագիծն արդեն մուտքագրվել է Ազգային ժողով, և խմբակցությունը նախատեսում է քննարկումներ սկսել խորհրդարանական այլ ուժերի հետ՝ նշելով, որ իրենք նպատակադրված են իրականացնել Սամվել Կարապետյանի առաջարկած տնտեսական ծրագրերը նաև ընդդիմադիր կարգավիճակում։