Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»
· Գյումրի

«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանրապետության երկրորդ քաղաքում ավանդաբար նշվող տոնական միջոցառումներն այս անգամ ուղեկցվել են քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ու միջավայրի բարելավմանն ուղղված նոր, հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ։
Քաղաքի կոլորիտային փողոցներն ու պատմամշակութային ժառանգությունը շարունակում են մնալ տուրիստական հետաքրքրությունների կենտրոնում, ինչը տեղական իշխանություններից և տարբեր քաղաքական ու հասարակական ուժերից պահանջում է գործնական քայլեր ձեռնարկել քաղաքի այցեքարտ հանդիսացող տարածքները պատշաճ տեսքի բերելու համար։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ընտրությունների ավարտից հետո էլ շարունակում են կանգնած մնալ քաղաքի կողքին և Քաղաքի օրվա առթիվ հատուկ նվեր են պատրաստել գյումրեցիների համար։ Նրա ներկայացրած նախագծի համաձայն, Սամվել Կարապետյանի աջակցությամբ նախատեսվում է հիմնանորոգել Գյումրու գլխավոր զբոսաշրջային զարկերակներից մեկը՝ Քըրք Քըրքորյան փողոցը։ Քանի որ յուրաքանչյուր հյուր քաղաք մտնելիս առաջինը հենց այս փողոցով է քայլում, նախատեսվում է այն ամբողջությամբ բարեկարգել միջազգային չափանիշներով՝ դարձնելով ակտիվ ու ժամանակակից տուրիստական գոտի։
Խոսելով նման նախաձեռնությունների բուն նպատակի մասին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ քաղաքին օգնելն ու տոնական փայլ հաղորդելը նաև տնտեսական նշանակություն ունի. դա թույլ կտա տեղական բյուջեն խնայել և ուղղել առաջնահերթ խնդիրներին։
Նա նաև անդրադարձավ պետական բյուջեի ծախսերին՝ զուգահեռներ անցկացնելով COP17 միջոցառմանը հատկացված 30 միլիոն դոլարի հետ, որով, ըստ նրա հաշվարկների, հնարավոր կլիներ բնակարաններով ապահովել տնակներում ապրող շուրջ 1000 գյումրեցի ընտանիքի։ Նա ընդգծեց, որ քանի դեռ քաղաքում կան անտուն մարդիկ, նման ճոխություններն ուղղակի անթույլատրելի են։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: