Բացահայտիր Շիրակը - Գյումրու գարեջրի պատմական գործարանը

· Գյումրի

Բացահայտիր Շիրակը - Գյումրու գարեջրի պատմական գործարանը

Գարեջրագործությունը Հայաստանում ունի հազարամյակների հարուստ պատմություն: Դեռևս մ. թ. ա. 5-րդ դարում հույն պատմիչ Քսենոփոնն իր «Անաբասիս» աշխատության մեջ հիշատակում է Հայաստանում գարեջուր համտեսելու մասին՝ նկարագրելով դրա պատրաստման եղանակն ու համային գերազանց հատկությունները:

​19-րդ դարի վերջին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) գարեջրի արտադրությամբ զբաղվում էին նշանավոր գործարարներ Եգոր Օսկանովը (Ոսկանյան), Համազասպ Ծաղիկյանը և Մ. Ձիթողցյանը: Նրանց արտադրանքը սպառվում էր ինչպես տեղում, այնպես էլ արտահանվում Կովկասի տարբեր քաղաքներ: Մասնավորապես, Մ. Ձիթողցյանը Թիֆլիսում ուներ գարեջրի մասնագիտացված խոշոր խանութ-պահեստ, որտեղ վաճառվում էր իր գործարանում պատրաստված և շշալցված գարեջուրը: Պահպանվել են նաև Եգոր Օսկանովի գործարանի «Ալեքսանդրապոլ» գարեջրի պիտակները, որոնց վրա հայերենով նշված էր արտադրողի անունը, ինչպես նաև պատկերված էին Ռուսական կայսրությունում ձեռնարկատերերին խրախուսելու նպատակով սահմանված մեդալներն ու նշանները:

1898 թվականին Ծաղիկյանների կողմից Հայաստանում հիմնադրվեց գարեջրի պատմական գործարանը: 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո այն, լինելով կիսավեր, դադարեցրեց իր գործունեությունը: Հետագայում պատմական գործարանը վերականգնվեց: Վերաբացումից հետո գործարանի ղեկավարությունը համագործակցության պայմանագիր կնքեց գերմանական հայտնի ընկերության հետ՝ համատեղ արտադրանք թողարկելու համար:

Գործարանում արտադրանքը պատրաստվում է ոլորտի լավագույն մասնագետների կողմից՝ օգտագործելով միայն բարձրորակ բնական բաղադրիչներ (ածիկ, գայլուկ, խմորիչ, ջուր) և ավանդական բաղադրատոմսեր: Գարեջրի հիմնական բաղադրիչներն են ածիկը, գայլուկը, խմորիչը, ջուրը և մի քիչ Գյումրվա հումքը: Տեղական ջուրը մեծ դեր ունի գարեջրի յուրօրինակ համի մեջ, քանի որ քաղաքի ջրի համային և քիմիական բաղադրությունը կատարյալ է գարեջրի արտադրության համար:

Գարեջրի գործարան այցելող հյուրերը կարող են մասնակցել շրջայցերի, ծանոթանալ Հայաստանում գարեջրագործության հարուստ պատմությանը։

Այցելուները հնարավորություն ունեն տեղում ուսումնասիրելու բարձրորակ բնական բաղադրիչների և տեղական եզակի ջրի կիրառմամբ իրականացվող արտադրական գործընթացը, տեսնելու Անդրկովկասում եզակի՝ սեփական կարիքների համար ածիկի պատրաստման ընթացքը, ինչպես նաև համտեսելու գործարանի հայտնի բրենդները՝ «Գյումրի», «Գյումրի Գոլդ», «Գյումրի 11», «Ալեքսանդրապոլ» և «Արարատ»:

​Տեղակայում՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Երևանյան խճուղի 171

Կոորդինատներ՝ 40.7600, 43.8600