Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում Ախուրյանում․ քաղաքական քարոզչություն՝ համայնքային ՀՈԱԿ-ի պաշտոնական էջով

· Ախուրյան

Վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում Ախուրյանում․ քաղաքական քարոզչություն՝ համայնքային ՀՈԱԿ-ի պաշտոնական էջով

«Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջով տարածվել է քաղաքական քարոզչական տեսանյութ՝ Զավեն Մանուկյանի մասնակցությամբ։ Ախուրյանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող և համայնքային բյուջեից ֆինանսավորվող կառույցի սոցիալական էջով նման բովանդակության հանրայնացումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։

Համաձայն ՀՀ ընտրական օրենսդրության և ՏԻՄ կարգավորումների՝ համայնքային ենթակայության հիմնարկները (ՀՈԱԿ-ները) և դրանց պաշտոնական ռեսուրսները, այդ թվում՝ սոցիալական էջերը, պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն։ Հանրային միջոցներով սպասարկվող հարթակների օգտագործումը քաղաքական քարոզչության նպատակով դիտարկվում է որպես վարչական ռեսուրսի չարաշահում։ Համայնքային կառույցի էջով նման տեսանյութի տարածումը խախտում է պաշտոնական ռեսուրսների կառավարման և քաղաքական չեզոքության պահպանման սկզբունքները։

Tribune.am-ը փորձել է Ախուրյանի համայնքապետարանի մամուլի խոսնակից ճշտել, թե ինչու է համայնքային ենթակայության «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջով տարածվել քաղաքական քարոզչական տեսանյութը։ Լրատվամիջոցի հետաքրքրվելուց քիչ անց նյութը հեռացվել է էջից, սակայն դա չի վերացնում արդեն իսկ արձանագրված խախտման փաստը։

Արամ Դավթյան