Արցախցիների վերադարձի իրավունքից մինչև միջազգային դերակատարներ. ինչ է քննարկվել Գյումրիում. Aravot.am
· Գյումրի
Հոկտեմբերի 23-25-ը Գյումրիում կայացավ «Քաղաքական գործընթացներ. ինչ պետք է իմանա լրագրողը դրանց որակյալ լուսաբանման համար» թեմայով սեմինարը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց, որ միջոցառումը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայության նախաձեռնություն. Մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ։ Առաջին նիստին, որը վարում էր ԵՄԱ խմբագիր Հերիքնազ Հարությունյանը, ընտրական գործընթացների փորձագետ Մարիամ Հովեյանը խոսեց ՏԻՄ ընտրությունների մասին՝ որպես ժողովրդավարական զարգացման ցուցիչ։ Ի թիվս այլնի՝ նա ընդգծեց, որ 10 մարզերի 21 համայնքներում ընտրություններ են, և դրանց գերակշռող մասում 3-ից պակաս ուժ է մասնակցում։ Մարիամ Հովեյանն ընդգծեց, որ 5 համայնքներում առաջադրվել էր 1-ական քաղաքական ուժ, ինչը նշանակում է, որ այդ համայնքներում ընտրությունները մրցակցային չեն։ Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը խոսեց ՀՀ քաղաքացիների ներգրավմամբ միջազգային դատավարություններից։ Նա անդրադարձավ մասնավորապես վերադարձի իրավունքին։ Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծեց, որ վերադարձի իրավունքն ընդամենը տուն վերադարձը չէ, վերադարձ է հայրենիք, այցելություն գերեզմաններ, սրբավայրեր և այլն։ Խոսքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տասնյակ բաղադրիչների մասին է։