Շիրակի մարզի դպրոցականները ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայում հաղթող են ճանաչվել. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

· Շիրակի Մարզ

Շիրակի մարզի դպրոցականները ռոբոտաշինության համաշխարհային օլիմպիադայում հաղթող են ճանաչվել. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է «Գյումրի» զարգացման լաբորատորիայի (GDL) թիմի անդամների հետ, որոնք նշանակալի հաջողություն են գրանցել միջազգային հարթակում՝ հաղթող ճանաչվելով Խորվաթիայում անցկացված Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad – WRO) 2026 թվականի բաց առաջնության «Ապագա նորարարներ» (Future Innovators) կատեգորիայի ավագ տարիքային խմբում։

Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհավորել է սաներին գրանցած հաջողության առթիվ, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել իրականացվող աշխատանքներով, առաջիկա անելիքներով և նոր ծրագրերով։

«Անչափ կարևորում եմ մեր դպրոցականների աշխատանքն ու միջազգային հարթակում գրանցած նվաճումները, որոնք վկայում են ձեր բարձր ներուժի, նորարարական մտածողության և նպատակասլացության մասին։ Գնահատելի է տնօրինության, դասավանդողների նվիրվածությունը, քանզի դուք ոչ միայն նպաստում եք տեխնոլոգիական կրթության զարգացմանը, այլև ոգեշնչում եք մարզի մյուս երեխաներին ու երիտասարդներին՝ հավատալու ուժերին և սեփական գիտելիքներով ու աշխատանքով հասնելու միջազգային հաջողությունների»,- նշել է Դավիթ Առուշանյանը։

Միջազգային մրցույթում թիմը ներկայացրել է SCANEMA նորարարական նախագիծը, որի հիմքում ռոբոտաշինության և արհեստական բանականության համադրությամբ կրթական ու սոցիալական նշանակության խնդրի լուծումն է։ Նախագծի նպատակն է տպագիր գրքերի թվայնացման և դրանց բովանդակության բազմաձև ներկայացման միջոցով տեղեկատվությունն ու ուսումնառության գործընթացն առավել հասանելի դարձնել տարբեր խմբերի համար՝ հատկապես ընթերցանության կամ տեսողության դժվարություններ ունեցող անձանց, ինչպես նաև սովորողների լայն շրջանակի։

«Գյումրի» զարգացման լաբորատորիայի սաները մարզպետին ներկայացրել են նաև նախորդ տարվա իրենց աշխատանքը, որը աղբի տեսակավորման նոր տեխնոլոգիական հնարավորությամբ սարքավորում է։

Դավիթ Առուշանյանը կարևորել է թիմի նորարարական գաղափարները, հետևողական աշխատանքն ու տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ հնարավորությունների սահմանում կանի հնարավորը սատարելու ծրագրերի իրականացմանը։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ