Ճանաչենք Շիրակի մարզի հերոսներին - Բենիամին Եղոյան

· Շիրակի Մարզ

Ճանաչենք Շիրակի մարզի հերոսներին - Բենիամին Եղոյան

Բենիամին Ներսեսի Եղոյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 19-ին։

Դպրոցում իննամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, որն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։

​Ցանկանալով շարունակել հոր գործը՝ նա 2009 թվականից ծառայության է անցել Զինված ուժերում։ Նրա հայրը՝ Ներսես Եղոյանը, Պաշտպանության նախարարության ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ և Արցախյան շարժման մասնակից էր։ Բենիամինն ուներ մեկ եղբայր և երկու քույր։

​2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ Որոշ ժամանակ անց գործողությունները դադարեցվել են։ Այդ օրերին հայկական կողմն ունեցել է 32 զոհ և 25 անհայտ կորած զինծառայող։

​Ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանը զոհվել է ապրիլի 3-ին Ջրականում (Հադրութի շրջան, Արցախ) տանկի անձնակազմի հետ , որոնց թվում էին նաև նշանառու-օպերատոր Վլադիմիր Վրուշի Ալիխանյանը և մեխանիկ-վարորդ Տիգրան Արամի Աբգարյանը։

​Ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանի հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ ապրիլի 8-ին, ժամը 13:00-ին, Եռաբլուր զինվորական հուշահամալիր-պանթեոնում։

​Մարտական գործողությունների ընթացքում դրսևորած արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։