Աշխատասենյակի տեսախցիկներն արձանագրել են կաշառքի փոխանցումը. Պետն ընդունել է մեղքը. Hraparak. am
· Գյումրի
Հոկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն կոմիտեն կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյումրիում ձերբակալել էր 10 անձի, այդ թվում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Շիրակի տարածքային ստորաբաժանման պետ Դավիթ Պողոսյանին եւ ևս երեք պաշտոնատար անձի։ Կոմիտեից հայտնել էին, որ երեք պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուս մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։ Նախաքննությունը շարունակվում է։
Դեպքից օրեր անց «Հրապարակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով՝ ձերբակալված 10 անձանցից 6-ը քաղաքացիներ են, որոնք, իրավապահների վարկածով, կաշառք են տվել հարկադիր կատարողներին։
Ըստ այդմ՝ քաղաքացիներից ստացված գումարները ծառայության աշխատակիցները փոխանցել են իրենց անմիջական ղեկավարին՝ Դավիթ Պողոսյանին։ Ընդ որում՝ գումարը նրան փոխանցվել է անձամբ՝ հենց իր աշխատասենյակում։ Այս ամենը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ֆիքսվել է աշխատասենյակում տեղադրված տեսախցիկներով։ Տեսագրություններում, ըստ տեղեկությունների, երևում է, թե ինչպես են աշխատակիցները գումար փոխանցում Պողոսյանին։
Բացի այդ, իրավապահները որոշ ժամանակ գաղտնալսել են նաև աշխատակիցներին, ինչը, ըստ մեզ հասած տեղեկությունների, նույնպես կարևոր դեր է ունեցել դեպքի բացահայտման գործում։ Իսկ թե կոնկրետ ինչ ծառայության կամ գործողության դիմաց են քաղաքացիները գումար տվել, և ընդհանուր առմամբ ինչքան գումարի մասին է խոսքը, դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը 20 հազարից մինչև 300 հազար դրամի հասնող ենթադրյալ կաշառքների մասին է։ Այդ գումարները, ըստ տեղեկությունների, փոխանցվել են տարբեր քաղաքացիների կողմից։
Մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթ Պողոսյանն ընդունել է իր մեղքը։ Միևնույն ժամանակ, գործով անցնող քաղաքացիներից ոմանք նրա դեմ ցուցմունք են տվել, իսկ ոմանք՝ ոչ։ Կալանավորվածների թվում է նաև Հարկադիր կատարման ծառայության կին աշխատակիցներից մեկը։
Զրուցեցինք մեղադրյալներից մեկի՝ ծառայության կալանավորված աշխատակից Արմեն Սարգսյանի պաշտպան Հայկ Հարությունյանի հետ։ Վերջինս մեզ փոխանցեց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։