Գյումրիում հիմնանորոգվում է 13 լքված բնակարան՝ բազմազավակ ընտանիքներին տրամադրելու նպատակով. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի
Գյումրու Վարդբաղ թաղամասում շարունակվում են լքված բնակարանների հիմնանորոգման աշխատանքները. դրանք կտրամադրվեն ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող բազմազավակ ընտանիքներին
Գյումրու Վարդբաղ թաղամասի բարձրահարկ շենքերում շարունակվում են 1988 թվականից հետո չբնակեցված բնակարանների ներքին հարդարման և հիմնանորոգման լայնածավալ աշխատանքները։
Տասնամյակներ շարունակ տեր չունենալու պատճառով այս բնակարանները մատնվել էին անուշադրության և հայտնվել ծայրահեղ անմխիթար՝ բնակության համար ոչ պիտանի վիճակում։ Դրանք լցված էին կուտակված աղբով ու անպիտան իրերով, իսկ պատերը՝ սևացած։
Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ և ուղղակի ջանքերով, լքված այս տներն այժմ հիմնովին փոխում են իրենց տեսքը։ Ծրագրի շրջանակում հարդարվում և պատշաճ տեսքի է բերվում թվով 13 բնակարան։
Շինարարների կողմից ամբողջությամբ նորոգվում է ջրակոյուղատար ցանցը, կատարվում են ներքին հարդարման այլ անհրաժեշտ աշխատանքներ։
Նորոգված բնակարանները նախատեսված են բացառապես սոցիալական նպատակների համար․ դրանք կհատկացվեն ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող բազմազավակ ընտանիքներին։
Վարդբաղ թաղամասի սոցիալական բնակարանների ներքին հարդարման աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա դեկտեմբերին։