Կաշառք՝ դիմորդների անվճար ուսուցման դիմաց․ մեղադրանք է ներկայացվել Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենին

· Գյումրի

Կաշառք՝ դիմորդների անվճար ուսուցման դիմաց․ մեղադրանք է ներկայացվել Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենին

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով  հիմնավորվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենի, նաև ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ստացել է կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը, քոլեջի դիմորդի  ուսումն անվճար կազմակերպելու դիմաց, վերջինիս ծնողներից 2026 թվականի տարբեր ամիսների ստացել է ընդհանուր 350.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, քոլեջի տարբեր բաժիններում ևս 2 դիմորդի ուսումն անվճար կազմակերպելու համար հիշյալ պաշտոնյան նույն ժամանակահատվածում նրանց ծնողներից նույնպես ստացել է 350.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Նշված գործընթացը կազմակերպելու համար կաշառք տվողին օժանդակել են նույն քոլեջի 2 դասախոսներ՝ կաշառք տվողի և ստացողի միջև միմյանց չճանաչելու խոչընդոտը վերացնելու և նրանց միջև փոխվստահության մթնոլորտ ստեղծելու եղանակով:

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել ևս 6 անձի:

Ներկայացված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ։ Նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում կաշառքի առարկա հանդիսացող ավելի քան 1 մլն դրամ գումարն առգրավվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան: