Շիրակի մարզպետի տեղակալն ընդունել է OECD-ի գործընկերային գնահատման թիմի ներկայացուցիչներին. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Զարգացման աջակցության կոմիտեի (DAC)՝ Բելգիայի և Լեհաստանի ներկայացուցիչներից բաղկացած գործընկերային գնահատման թիմին։
Հանդիպումը կազմակերպվել է ընթացիկ տարում Ավստրիայի զարգացման համագործակցության գործընկերային գնահատման գործընթացի շրջանակում։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի անունից ողջունելով հյուրերին՝ Ալբերտ Այվազյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և դրա նշանակությունը մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։
Մարզպետի տեղակալն առանձնահատուկ անդրադարձ է կատարել Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) աջակցությամբ իրականացված ծրագրերին, մասնավորապես՝ LEAD4SHIRAK նախաձեռնությանը, որի նպատակն էր Շիրակի գյուղական համայնքներում խթանել ներառական տնտեսական աճը, տեղական նախաձեռնությունները և համայնքների զարգացման մասնակցային գործընթացները։
Նշվել է, որ ծրագրի շրջանակում ներդրված LEADER մոտեցումը հնարավորություն է տվել ակտիվացնել տեղական դերակատարների համագործակցությունը, ձևավորել տեղական գործողությունների խմբեր, աջակցել համայնքային և տնտեսական նախաձեռնություններին՝ նպաստելով գյուղական բնակավայրերի զարգացմանն ու բնակիչների ներգրավվածության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության արդյունավետության գնահատման, արձանագրված արդյունքների պահպանման և ձեռքբերված փորձի շարունակական կիրառման հարցերը։ Անդրադարձ է կատարվել համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև նոր մեկնարկող ծրագրերում համատեղ աշխատանքների հեռանկարներին։
DAC-ի գործընկերային գնահատման թիմի այցի հիմնական նպատակն է ուսումնասիրել Ավստրիայի զարգացման համագործակցության արդյունավետությունը գործընկեր երկրներում՝ այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև գործընկեր կառույցներից ստանալ իրականացված ծրագրերի, համագործակցության արդյունքների և զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ գնահատականներ։