«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ Թավշուտից. Aravot.am

· Շիրակի Մարզ

«Տանջանքով անասուն պահեմ ու հիմա զրկվե՞մ, միայն պարտք շալակե՞մ, ո՞ւր է ձեր սպանդանոցը»․ ահազանգ Թավշուտից. Aravot.am

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Թավշուտ գյուղի բնակիչ Արմեն Հարությունյանը ահազանգել է Aravot.am-ին՝ բողոքելով, որ իր խոշոր եղջերավոր անասունի ոտքը պատահաբար կոտրվել է, հարկադիր մորթի է ենթարկել՝ մտադրվելով մսից բաժին հանել հարազատներին, այդ թվում՝ քրոջ ընտանիքին. ուղևորվել է Մուսայելյան գյուղ, սակայն պարեկները ճանապարհին կանգնեցրել են մեքենան՝ առգրավելով միսը, տանելով Աշոցքի ոստիկանության շենքի բակ ու հետո հանձնելով ՍԱՏՄ-ին։

Ըստ նրա՝ լինելով մսագործ՝ ժամանակին վնասել է իր ձեռքի մատները, որոնք լավ չեն աշխատում, հետևաբար և որոշել էր միսն ամբողջությամբ հասցնել քրոջ տուն, որպեսզի նրա ամուսինն ու որդին նորմալ կտրատեին։ Մեր զրուցակիցը նշում է՝ անասունի ոտքը կոտրվել է կիրակի՝ ոչ աշխատանքային օր, տարածքում սպանդանոց չկա, սպանդանոցային մորթ ապահովելու համար պիտի հասնեն Կոտայքի մարզ՝ գյուղ Մեղրաձոր, իսկ մինչև հասնեն՝ միսը կսևանար, կփչանար։

«Մենք երբեք դեմ չենք եղել սպանդանոցային մորթին, սակայն պիտի հասկանան, որ այս տարածքում սպանդանոցի հարցն այդպես էլ չի լուծվում, և բավական է գյուղացիների կյանքն ավելի բարդացնեն։ Լինում են դեպքեր, երբ անասունը դաշտում տրաքում է կամ ոտքն է կոտրվում, հիմա ինչպե՞ս լուծենք այդ հարցը։