Բացահայտիր Շիրակը - Թավշուտ
Թավշուտը գտնվում է Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում՝ Ծաղկաշեն գետի աջափնյա շրջանում, մարզկենտրոն Գյումրիից 46 կմ հյուսիս: Բնակավայրը Թավշուտ է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին: Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները Մեծ եղեռնից հետո այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանի պատմական տարածքներից՝ Վանից, Մուշից, Ալաշկերտից, Սասունից և այլ վայրերից: Այս հարուստ արմատներով էլ պայմանավորված է թավշուտցիների բնավորության առանձնահատկությունը․ նրանք աչքի են ընկնում աշխատասիրությամբ, աշխոյժ ու կամային ոգով, հյուրընկալությամբ և ավանդապահությամբ, ինչը բնորոշ է պատմական Սասունի, Մուշի և Վանի սերունդներին:
Գյուղն աչքի է ընկնում իր աշխատասեր բնակչությամբ, որը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և բանջարային կուլտուրաների մշակմամբ: Թավշուտը հարուստ է նաև պատմամշակութային ժառանգությամբ․ այստեղ պահպանվել են մատուռ, դարավոր խաչքարեր և հին գերեզմաններ:
Տեղակայումը և կոորդինատները՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Աշոցքի տարածաշրջան, 41°05′00″ N 43°48′00″ E