12 ուժ՝ մեկ ճակատ. ընդդիմությունը պատրաստվում է վճռական պայքարի

· Հայաստան

12 ուժ՝ մեկ ճակատ. ընդդիմությունը պատրաստվում է վճռական պայքարի

Հայաստանի քաղաքական դաշտում իրադարձությունները զարգանում են նոր, լարված հունով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կրկին կալանավորումից հետո կուսակցությունը հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ տեղի ունեցածը որակելով որպես իշխանությունների կողմից իրականացվող հակաժողովրդավարական ճնշումների հերթական ալիք։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու որոշումը ակնհայտորեն ցույց է տալիս պետական կառույցների կախվածությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգներից։

«Ընդամենը մի քանի օր առաջ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնում էր ընդդիմության այն առաջնորդներին, որոնք դեմ են Ալիևի Սահմանադրությանը, իսկ այսօր Սամվել Կարապետյանը կրկին կալանավորվում է։ Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից»,- ասված է հայտարարության մեջ։

Կուսակցությունը հիշեցնում է 2025 թվականի իրադարձությունները, երբ Սամվել Կարապետյանը ձերբակալվեց Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու համար։ Ըստ հայտարարության՝ նույնիսկ անզատության մեջ գտնվելով՝ նա կարողացավ համախմբել ժողովրդին ազգային ինքնության շուրջ, և իշխանության այդ փորձն էլ ձախողվեց։ «Ուժեղ Հայաստան»-ում համոզված են, որ այժմ ևս իշխանություններին չի հաջողվելու պարտադրել «Ալիևի Սահմանադրությունը», քանի որ հայ ժողովուրդն ու միասնական ընդդիմությունը չեն ընկրկելու ճնշումներին։

Ստեղծված ճգնաժամային իրավիճակում հայաստանյան 12 առաջատար քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով համազգային համախմբման ձևավորման մասին։ Չնայած առկա տարակարծություններին ու քաղաքական տարբեր մոտեցումներին՝ ուժերը միավորել են իրենց ջանքերը հանուն պետականության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման։

Համազգային համախմբման 4 առաջնային նպատակները․

1. «Ալիևյան սահմանադրության» պարտադրանքի մերժում

2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների

3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն

4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում

Միասնական հայտարարությունը ստորագրած քաղաքական ուժերը կոչ են անում բոլոր կուսակցություններին, հասարակական ու հանրային գործիչներին միանալ այս ազգային համախմբմանը՝ երկրի համար բախտորոշ այս փուլում հանրային միասնություն ձևավորելու նպատակով։

Համատեղ հայտարարությանը միացած ուժերն են․

- «Ուժեղ Հայաստան»

- «Հայաստան» դաշինք

- «Հայաքվե»

- «Ապրելու երկիր»

- «Բարգավաճ Հայաստան»

- «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»

- «Հայ ազգային կոնգրես»

- «Ժառանգություն»

- «Միասին»

- «Դեմոկրատական այլընտրանք»

- «Նոր դարաշրջան»

- «Միավորված հայեր»

Քաղաքական դաշտի այսօրինակ լայն համախմբումը ցույց է տալիս, որ ընդդիմադիր ճակատը պատրաստվում է վճռական պայքարի՝ պաշտպանելու երկրի ինքնիշխանությունն ու ազգային ինքնությունը։