Ճանաչենք Շիրակի մարզի հսկաներին - Յուրի Վարդանյան

· Գյումրի

Ճանաչենք Շիրակի մարզի հսկաներին - Յուրի Վարդանյան

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։

Նա ունեցել է ԽՍՀՄ և Հայաստանի քաղաքացիություն, եղել է ծանրամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ինչպես նաև Կրտսեր լեյտենանտ:

​1970 թվականից իր հորեղբոր՝ Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ նա լրջորեն սկսել է զբաղվել ծանրամարտով: 1974-1980 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորմամբ, իսկ 1980 թվականին ավարտել է Լենինականի Մանկավարժական ինստիտուտը: Ավելի ուշ՝ 1984-1987 թվականներին, սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ:

​Մարզական կարիերայի ընթացքում 1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում, իսկ 1977 թվականից եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ: 1977, 1979, 1981 թվականներին եղել է ԽՍՀՄ չեմպիոն, 1976 թվականին՝ գավաթակիր, իսկ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր: 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին նաև Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր էր: 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ:

​Իր առաջին խոշոր նվաճմանը Յուրի Վարդանյանը հասավ 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ժամանակ, որտեղ հանդես գալով 82,5 կգ քաշային կարգում՝ նվաճեց ոսկե մեդալ և սահմանեց 5 աշխարհի ռեկորդ միջին քաշային կարգում՝ երկամարտի արդյունքում բարձրացնելով 400 կգ (միջին քաշում առաջինը երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի): Մոսկվայում նա արժանացել է նաև «ոսկե կիլոգրամներ» մրցանակին՝ անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար: 1985 թվականին տարբեր մրցումներում նա նվաճել է 111 ոսկե մեդալ, նույն թվականին հաղթել է իր վերջին աշխարհի առաջնությունում և սահմանել աշխարհի 43 ռեկորդ:

​1985 թվականին ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ, եղել է ՀԽՍՀ Գերագույն Սովետի 10-րդ և 11-րդ գումարման դեպուտատ: 1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ բնակություն է հաստատել և ակտիվորեն զբաղվել մարզչական ու հասարակական գործունեությամբ: Նա մարզել է իր տղային՝ Նորայր Վարդանյանին, որը 2008 թվականին դարձել է ծանրամարտի ԱՄՆ-ի չեմպիոն 94 կգ քաշային կարգում:

​2008 թվականին արժանացել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանը: 2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական, 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: 2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Եղել է Երևանի տնտեսաիրավաբանական ինստիտուտի պրոֆեսոր և Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր:

​Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով: Ամուսնացած էր, ունի երեք որդի: 

Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում, 62 տարեկան հասակում, և հուղարկավորված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: