Բացահայտիր Շիրակը - Սուրբ Թուխ Մանուկ մատուռ. Հոռոմի հրաշագործ ուխտատեղին

Հոռոմ գյուղը Շիրակի մարզի խոշոր և նշանավոր բնակավայրերից մեկն է, որտեղ հնուց ի վեր պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

Դրանց շարքում իր առանձնահատուկ տեղն ունի 12-13-րդ դարերով թվագրվող Սուրբ Թուխ Մանուկ մատուռը։
Ըստ ժողովրդական ավանդության՝ Մանուկ անունով մի տղա է եղել, ով աչքի է ընկել իր բացառիկ աստվածավախությամբ և մաքուր կենցաղով։
Սակայն նրա առանձնացված կյանքը հաճախ է դարձել հասակակիցների հեգնանքի առարկան, իսկ մուգ մաշկ ունենալու պատճառով նրան անվանել են «Թուխ Մանուկ»։
Մահից հետո նրան թաղել են մեկուսի մի վայրում, որտեղ հետագայում կառուցվել է այս մատուռը։

Ժամանակի ընթացքում այն դարձել է սիրված ուխտատեղի հոռոմցիների և շրջակա բնակիչների համար։
Տեղական զրույցները փաստում են բազմաթիվ հրաշագործությունների մասին. ասվում է, որ մատուռ այցելած կույրերն ու անդամալույծները ստացել են բժշկություն՝ սկսելով տեսնել ու քայլել։
Մատուռը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հոռոմ գյուղի տարածքում։
Պատմական այս հուշարձանի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են՝ 40.6558° N, 43.8825° E
Լուսանկարները `Հայաստանի մատուռներ-ի