Բացահայտիր Շիրակը-Փանիկի հացի թանգարան. եզակի մշակութային կենտրոն Շիրակում

Շիրակի մարզի Փանիկ գյուղում գտնվող այս եզակի թանգարանը հիմնադրվել է 1967 թվականին պատմաբան և մանկավարժ Պետրոս Նահապետյանի կողմից։
Այն իր տեսակի մեջ բացառիկ էր ոչ միայն Հայաստանում, այլև ողջ նախկին ԽՍՀՄ տարածքում՝ շեշտադրելով հացի մշակույթն ու գյուղատնտեսական կենցաղը։

1988 թվականի երկրաշարժից հետո թանգարանը դադարեցրել էր իր գործունեությունը շենքային պայմանների բացակայության պատճառով, սակայն շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո այն կրկին վերաբացվել է։
Վերաբացումը հնարավոր է դարձել Հայ Կաթողիկե եկեղեցու տրամադրած տարածքի և Գասպարյան ընտանիքի ֆինանսական աջակցության շնորհիվ։
Այսօր հիմնադրի գործը շարունակում է նրա թոռը՝ պատմաբան Գաբրիել Նահապետյանը։
Թանգարանի ցուցադրությունը ներառում է տարածաշրջանին բնորոշ հացատեսակների հարուստ տեսականի, որոնց թվում են մատնաքաշը, բոքոնը, փառնիկը, թափթափան, գարուհացը, քարտիկան, կարտոֆիլահացն ու ծակուլիկը։
Բացի հացից, այստեղ ցուցադրված են հացահատիկի վերամշակման հնամենի գործիքներ, գյուղատնտեսական պարագաներ և փանիկցիների առօրյա կյանքն ու կենցաղը ներկայացնող բազմաթիվ իրեր։

Ցուցանմուշների թիվը շարունակաբար համալրվում է ինչպես տեղացիների նվիրատվությունների, այնպես էլ այլ թանգարանների հետ համագործակցության շնորհիվ։
Թանգարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Փանիկ գյուղում։
Այն տեղակայված է գյուղի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցուն հարող տարածքում։
Կոորդինատներ: 40.6558° N, 43.9351° E