Ճանաչենք Շիրակի մարզի մեծերին-Արտաշես Մաթևոսյան. Հայոց գրերի գաղտնիքների բացահայտողը

Արտաշես (Արտուշ) Սիմոնի Մաթևոսյանը հայագիտության, աղբյուրագիտության և ձեռագրագիտության երախտավորներից է:
Նա ծնվել է 1922թ. մարտի 23-ին Տուֆաշենում և մահացել 2004թ. փետրվարի 3-ին Երևանում:
Ուսանել է Վաղարշապատի մանկավարժական ուսումնարանում (1937-1940թթ.), մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, ապա ավարտել Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետն ու ասպիրանտուրան:
1959 թվականից մինչև կյանքի վերջ աշխատել է Մատենադարանում՝ շուրջ 20 տարի վարելով գլխավոր ավանդապահի պաշտոնը:
1970թ. պաշտպանել է «Մեծոփավանքի գրչության կենտրոնը» թեզը և ԽՍՀՄ ԲՈԿ-ից ստացել ձեռագրագետի (կոդիկոլոգ) կոչում:
Նրա հսկայական վաստակն է աշխարհի բոլոր հայերեն ձեռագրերի համահավաք քարտարանի կազմումը (շուրջ 50,000 քարտ), որի հիման վրա ստեղծված գրչության կենտրոնների քարտեզը ցուցադրվում է Մատենադարանում:
Գիտնականի բացառիկ հայտնագործություններից է Կորյունի «Մաշտոցի վարքում» 5-րդ դարից ի վեր առկա երկու թերթերի շփոթի բացահայտումը:
Սա ապացուցեց, որ «դանիելյան գրերը» դեր չեն ունեցել հայոց գրի ստեղծման գործում: Նա նաև արժեքավոր ուսումնասիրություններ է կատարել Անանիա Շիրակացու և Մովսես Խորենացու երկերի վերաբերյալ:
Մաթևոսյանը հրատարակել է հայերեն ձեռագրերի հիշատակարանների բազմաթիվ հատորներ (V-XII, XIII, XIV դդ.) և Գլաձորի համալսարանին նվիրված աշխատությունը:
Դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում և 1997թ. Գարեգին Ա կաթողիկոսի կողմից պարգևատրվել է «Ս. Սահակ և Ս. Մեսրոպ» շքանշանով: