Բացահայտիր Շիրակը - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կարմիրվանք

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Կարմիրվանք

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է նաև «Կարմիրվանք» անունով, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին՝ Ախուրյան գետի ձախ ափին:

Այս պատմական հուշարձանը կառուցվել է 980-985 թվականներին Սամեհան ճարտարապետի կողմից։

Ըստ հարավային ճակատին պահպանված շինարարական արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը։

​Ճարտարապետական տեսանկյունից այն գմբեթավոր սրահների տիպի շինություն է, որը կառուցված է կարմրավուն սրբատաշ տուֆով և կրաշաղախով։

Եկեղեցու արևելյան, հյուսիսային և հարավային ճակատներին առկա են երկուական եռանկյունաձև խորշեր, որոնք մասնագիտական գրականության մեջ հայտնի են որպես «հայկական խորշեր»։

Շինության հարդարանքը զուսպ է, ինչն ավելի է ընդգծում հուշարձանի վեհությունը, իսկ մուտքի կամարաձև բարավորին առկա են ուշագրավ գալարուն զարդագծեր։ 13-րդ դարի սկզբներին եկեղեցին վերակառուցվել է, որի ընթացքում վերականգնվել են գմբեթը, ճակատների երեսապատերը և տանիքի սալաքարերը։

Գմբեթի ներսում մինչ օրս պահպանվել են որմնանկարների հետքեր։

​Եկեղեցուց դեպի արևելք տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ կան 13-րդ դարի քանդակազարդ խաչքարեր։

Հուշարձանն ընդգրկված է Հայկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Աշխարհագրական դիրքի պատճառով դեպի եկեղեցի ազատ այցելությունն այսօր հնարավոր չէ, քանի որ այն գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային ցանկապատից այն կողմ՝ չեզոք գոտում։

Այնուամենայնիվ, սահմանապահները պարբերաբար կազմակերպում են բաց դռների օրեր, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին և զբոսաշրջիկներին այցելել սրբավայր։

Եկեղեցու ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներն են՝ 40°31′44″N 43°39′40″E

Լուսանկարը `Hushardzan. am - ի